Կադիրովը 3-րդ անգամ է գրանցվել Չեչնիայի ղեկավարի ուղղակի ընտրություններում

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ընտրական հանձնաժողովը Ռամզան Կադիրովին գրանցել է որպես հանրապետության ղեկավարի թեկնածու, հաղորդում է ԿԸՀ-ի տելեգրամյան ալիքը:
Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ը՝ Ռուսաստանի Պետդումայի և Չեչնիայի խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ։

Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից և երրորդ անգամ է մասնակցում ուղղակի ընտրություններին: Նրա թեկնածությունն առաջադրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության չեչենական մասնաճյուղը։

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, Չեչնիայի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են նաև երկու այլ թեկնածուներ՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը ներկայացնող Չեչնիայի Հանրային պալատի նախագահ Իսմայիլ Դենիլխանովը և Չեչնիայի խորհրդարանի անդամ Խալիդ Նակաևը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը։ Վերջինս մեկ անգամ արդեն է մրցել Կադիրովի հետ՝ ստանալով ձայների 0.12 տոկոսը։

Կադիրովը նախորդ ընտրություններում մշտապես հաղթել է՝ հավաքելով ձայների գրեթե 100 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016-ին նրա օգտին քվեարկել է ընտրողների 98 տոկոսը, իսկ 2021-ին՝ 99.7 տոկոսը։ Իրավապաշտպանները, սակայն, տարիներ շարունակ ահազանգել են ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև այն մասին, որ պետական հատվածի աշխատողները և անվտանգության աշխատակիցները քվեարկել են հարկադրանքի միջոցով։ Մասնավորապես, ըստ իրավապաշտպանների, 2024-ի նախագահական ընտրությունների ժամանակ պետական ծառայողներին բազմիցս ավտոբուսներով տարել են ընտրատեղամասեր՝ ստիպելով նրանց կրկին քվեարկել։

Կադիրովի առաջադրման մասին հայտարարվում է ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ, որ 2007-ից ի վեր առաջին անգամ նա չի գլխավորում Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը Չեչնիայում և բաց է թողել կուսակցության՝ Մոսկվայում կայացած համագումարը: Ըստ աղբյուրի՝ Կադիրովի առողջական խնդիրների մասին լուրերի ֆոնին սա կրկին հարցեր է առաջացրել առ այն, թե ինչու Կրեմլը պատրաստ չէ փոխել Չեչնիայի ներկայիս առաջնորդին:

Չեչնիայում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորում է տարածաշրջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը:

Ռամզան Կադիրովը պատժամիջոցների ցուցակում է 2014-ից։ 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Չեչնիայի ղեկավարին ներառեց «Մագնիտսկու ցուցակում»՝ մեղադրելով նրան արտադատական հաշվեհարդարների, կտտանքների և մարդու իրավունքների այլ խախտումների մեջ ներգրավված լինելու համար։

2020-ի հուլիսին ԱՄՆ Պետդեպարտամենտը սահմանափակումներ կիրառեց անձամբ Կադիրովի, նրա կնոջ՝ Մեդնիի և դուստրերի՝ Այշատի և Կարինայի նկատմամբ, չեչեն առաջնորդին պատասխանատվության ենթարկելով խոշտանգումների և արտադատական մահապատիժներ իրականացնելու համար։

2022-ի սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կրկին պատժամիջոցներ կիրառեց Կադիրովի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, այս անգամ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով:

Չեչնիայի առաջնորդի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Կադիրովը և նրա շրջապատը հերքում են մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կադիրովի 18-ամյա որդուն երկրորդ անգամ շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչումԿադիրովը կրկին առաջադրվելու էՌամզան Կադիրովը իր ավագ որդուն նշանակել է Չեչնիայի փոխվարչապետ