Կա՛մ գործարք, կա՛մ ավարտին ենք հասցնելու գործը․ Թրամփի հերթական սպառնալիքը Թեհրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Օվալաձև աշխատասենյակ, 6-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու սպառնալիքը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կա՛մ գործարք կկնքի Թեհրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումն Իրանի վրա։

«Կա՛մ գործարք ենք կնքելու, կա՛մ ավարտին ենք հասցնելու գործը․․․Գործն ավարտին հասցնելը դժվար չի լինի։ Ինձ համար ավելի լավ է գործարք կնքել, որովհետև չեմ ուզում 91 միլիոն մարդու վրա հետևանք թողնել», - Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

«Նրանց կամուրջները կարող ենք մեկ ժամում շարքից հանել, կարող ենք նրանց էներգետիկ պաշարները շարքից հանել․․․Նրանք հիմա գումար չունեն։ Նրանց մենք գումար չենք տվել», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

«Իրանցիներին անծանոթ է սպառնալիքների լեզուն»․ արձագանք Թեհրանից

Թեհրանից ԱՄՆ նախագահի հայտարարությանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն է արձագանքել՝ դա «պատրանքային» որակելով։

«Իրանցիներին անծանոթ է սպառնալիքների լեզուն, ուստի իրանցի ժողովրդի հետ խոսեք հարգանքով, այլապես մենք այլ լեզվով կպատասխանենք», - զգուշացրել է Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։

Նախագահ Թրամփի հայտարարությունից ժամեր անց Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը առնվազն երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Միացյալ Թագավորությունից հաստատել են բրիտանական մեկ նավի թիրախավորման մասին՝ հավելելով, որ տուժածներ չկան։

60-օրյա հրադադարի ֆոնին՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախորդ շաբաթ կանգ են առել։

Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել էր, որ Իրանին «մեկ շաբաթով արձակուրդ է տվել» բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ճապոնական 10 նավ է սկսել դուրս գալ ՀորմուզիցԻրանում «կատաղի պայքար» է ընթանում հոգևոր առաջնորդի նկատմամբ ազդեցության համար․ NYTՓոխըմբռնման հուշագրի իրականացումը դժվար է, բայց հնարավոր․ Ղալիբաֆ