Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատապարտված Ռազգիլդեևը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել

Դատարանը հրապարակում է Անդրեյ Ռազգիլդեևի վերդիկտը, Գյումրի, 13-ը նոյեմբերի, 2025թ.

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որ մեղավոր էր ճանաչվել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու համար, 7.5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո օրերս ազատ է արձակվել:

Վճիռն անցած տարի կայացվեց, պատժի կրումը հաշվարկվել էր ձերբակալության օրվանից, այսինքն, 2018 թվականի դեկտեմբերից: Փաստաբան Նարինե Ռշտունին հրաժարվեց ասել՝ արդյոք իր պաշտպանյալը Հայաստանում է ու շարունակում է ծառայությունը, թե մեկնել է երկրից:

Ռազգիլդեևը, թեև չի ընդունում, որ իր հարվածների հետևանքով է մահացել վաղ առավոտյան աշխատանքի շտապող 57-ամյա կինը, սակայն հրաժարվել է բողոքարկել վճիռը: Փաստաբանն ասում է՝ ինքը կողմ էր, պաշտպանյալը՝ ոչ:

Անդրեյ Ռազգիլդեևը 2018-ին ձերբակալվելուց հետո 7,5 տարի պահվեց ոչ թե բանտում, այլ ռուսական ռազմաբազայում, որի ղեկավարությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էր նրան դատարան բերել: Հետևաբար նիստերը տեսակապով էին անցկացվում:

Մահացած կնոջ դստեր՝ Անահիտի փաստաբանը ռազմաբազայի դեմ արդար դատաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ նախ վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, բայց վարույթները չէին ընդունվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ներկայացուցիչները Վերաքննիչ են դիմում

Անի Չատինյանն ասաց՝ ներպետական ատյաններն արդեն սպառել են և առաջիկայում կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դատաքննության 7 տարում 5 դատավոր փոխվեց, մեկ անգամ գործի քննությունը նույնիսկ զրոյից սկսվեց: Մահացած կնոջ դուստրը դատական գործընթացից պարբերաբար դժգոհում էր, վճռից՝ առավել ևս:

Սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքը նաև քաղհայց էր ներկայացրել՝ պահանջելով 1 միլիոն 800 հազար դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը կառուցվեր: Թեև հայցը բավարարվել է, բայց այս պահին պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու այն:

Ջուլիետա Ղուկասյանն, ըստ դատաբժիշկների, գանգուղեղի ծանր վնասվածքներից էր մահացել: Երկարուձիգ դատաքննությունը, սակայն, այդպես էլ չտվեց գլխավոր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էր ռուս զինծառայողը հարձակվել ու ծեծել կնոջը: Դուստրն ասում էր՝ մայրն անգամ չէր ճանաչում ռուս զինծառայողին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որտե՞ղ է պատժի մնացած մասը կրելու ՌազգիլդեևըՌազգիլդեևը դատական վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց գյումրեցի կնոջ մահվան գործովՋուլիետա Ղուկասյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները բոյկոտում են հեռավար դատական նիստերը