Ջուջևանցի 92-ամյա Հրանուշ Չիլինգարյանը դժվարությամբ է քայլում, բայց հեշտությամբ է ցույց տալիս իր տնից քիչ հեռու՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախկին տունը, որտեղ ծնվել, դպրոց է գնացել ադրբեջանցի պաշտոնյան. - «Շահենանց տունը՝ էն բոզ, կարմիր կրիշեն ա»:
Մուստաֆաևները Ջուջևանի միակ այլազգի ընտանիքն էին, բայց նրանց այստեղ օտար համարող չկար։ Մինչդեռ Ղարաբաղյան շարժման ալիքը չի խնայել անգամ ամուր հարևանական կապերը, ու գյուղովի հրաժեշտ են տվել իրենց լավ հարևաններին՝ Աբդուլային, կնոջը՝ Մայզարին ու նրանց չորս զավակներին, որոնցից ավագը հենց Շահինն էր, ում Ջուջևանում Շահեն՝ Հայաստանում ընդունված անունով են կոչել:
«Հարևանություն արել ե՞ք»: - «Հաաա»:
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում Շահենի մորը՝ Մայզարին են հիշում ու թե՝ գյուղի բոլոր հարսներին ոսկե մատանի էր նվիրում, հարսանիքների պատվավոր հյուրերն էին.
«Ստեղ տրադիցիեն տենց էր դրված, ուրեմն՝ եթե մի տեղ քեֆ էր, հարսանիք էր, նրանք պիտի պարտադիր ներկա լինեին»:
Ջուջևանում մինչ օրս դրական են խոսում թե՛ Մուստաֆաևների ընտանիքի ու թե՛ դպրոցի մեդալակիր աշակերտ Շահենի մասին.
«Մեզ հմա լավ հարևան են էլել, էլ չգիտեմ ուրիշին»:
«Անասնապահ էին ու շատ հարգալից մարդիկ»:
Շահին Մուստաֆաևի նախկին տունն ու Արարատ Պետրոսյանի տունը մի պատ է բաժանում: Այդ նույն պատի երկու կողմում է անցել նրանց մանկությունը:
«Եթե ես իմանամ, որ Շահենը ըսօր էկել ա էդ սահմանազատման, ես հաստատ կգնամ, որ իրան հանդիպեմ, ձեռով, ձեռով բարևեմ: Ես պատկերացնում չեմ, որ Շահենը մտնի մեր գյուղ, հետո մինը նրա վրա ինչ-որ բան բրձրացնի, կամ ինքը նույնն անի, թեկուզ որպես իրանց էս պահին մենք պարտվել ենք», - «Ազատությանն» ասաց Պետրոսյանը:
Նաև ուսանողության տարիներին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում են շարունակել ընկերությունը: Այսօր Արարատն անկեղծորեն ափսոսում է, որ մեծ պատմության դաժան շրջադարձերը բաժանեցին իրենց։
«Շատ լավ մանկություն ենք ունեցել: Մեդալակիր էր, բայց հայոց լեզուն նրա հետ վիճել չկար, հայոց լեզուն գերազանց էր պրոստը», - նշեց ջուջևանցին:
Մուստաֆաևի երբեմնի անմիջական հարևանները վերհիշում են՝ ինչպես էին 80-ականների վերջին ափսոսանքով ճանապարհում նրանց, բայց, մյուս կողմից, Հայաստանում մնալն անվտանգ չէր հենց իրենց՝ Մուստաֆաևների համար: Երբ դրսից եկած ազգայնականները փորձում էին վնասել ադրբեջանցի ընտանիքին, հենց իրենք՝ համագյուղացիներն էին դառնում նրանց առաջին պաշտպանը:
«Դաժե փախեփախի, որ իրանց արտաքսեցին, ես իրանց տանը կացել եմ, որ իրա քվորտանցը, իրա էն էրկու քվորը վնաս չտան: Էդ աստիճանի մեզ հմա լավն են էլել», - ասաց Հրանուշ Չիլինգարյանը:
Պատմում են, որ Ջուջևանից հեռանալիս էլ համագյուղացիներն իրենց լավ հարևաններին օգնել են տունը վաճառել ու բոլոր իրերը՝ հագուստից մինչև կահույք, տեղավորել մեքենաներում: Հարևանն անգամ ասում է՝ որոշ իրեր, որ չտեղավորվեցին, խնամքով պահել են ու ավելի ուշ փոխանցել նրանց:
«Սաղ վեշերը կրել են, իմ տանը պահել են իրանց ունեցածիցը, հետո էկել տարել են: Որ իրավունք չկար՝ իրանց ազգից մարդ գա գյուղ, իրանք մեր տանն ապրանք ունեին, հետո էկել են տարել», - ասաց տիկին Հրանուշը:
Այժմ Մուստաֆաևների տունն անբնակ է: Նրանցից հետո Ադրբեջանից տարբեր փախստական ընտանիքներ են ապրել, հետո վաճառվել է մի հայ ընտանիքի, որ այժմ նույնպես հեռացել է Ջուջևանից: Դուռը կողպած է:
Էդվարդ Պետրոսյանը, որ նույնպես հաճախ է ստիպված եղել գյուղից հեռացնել ադրբեջանցիներին թիրախավորող ազգայնականներին, պատմում է՝ ինչպես է կռիվ տվել, երբ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցում տեսել է, որ Մուստաֆաևների հեռանալուց հետո մեդալակիրների պատվո տախտակից հանել են իր դասընկեր Շահենի լուսանկարը. - «Շահենի լուսանկարը չկար, ասում եմ՝ ինչի՞ չկար, բա ասում ա՝ ինքը ոնց որ թե հակառակորդ կողմի մարդ ա, սենց ձևակերպենք, էն ժամանակ էն բարդ տարիներն էր, դրա հմար իրա լուսանկարը հանել են: Ես կատաղեցի, ասում եմ՝ լսի, էտի մեր պատիվն ա, որ այլազգին մեր դպրոցում էդ ձևի ավարտել ա, փոխանակ դրանով հպարտանաք, ի՞նչ կապ ունի, թե էդ երկրի հետ հարաբերությունները ոնց են, դուք բռնել լուսանկարը հանել ե՞ք: Ինձ հետ կռվում են, թե ես ճիշտ կարծիք չունեմ»:
Այսօր Ջուջևանում մտորում են հնարավոր խաղաղության և նախկինի պես ադրբեջանցիների հետ հարևանություն անելու մասին ու շեշտում՝ դեռ ժամանակ է պետք եղածը մարսելու համար: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի մանկության ընկերը՝ Արարատը, կարևորում է՝ սահմանազատում ու խաղաղություն պետք է լինի առանց պատնեշների, հակառակ դեպքում խաղաղությունը ձևական կդառնա:
«Սահմանազատումը մի կողմից լավ ա, բայց ես չեմ ընդունում պատնեշները. եթե խաղաղության ենք գնում, էլ ի՞նչ պատնեշ», - ընդգծեց Արարատ Պետրոսյանը:
Գյուղում կարծում են, որ իրենց երբեմնի հարևանը, որն այսօր բարձր պաշտոնյա է հարևան երկրում, նույն զգացողություններն ունի ծննդավայր Ջուջևանի հանդեպ։ Թեև նա երեկ Հայաստանում էր, Ջուջևան չեկավ, բայց նախկին համագյուղացիները չեն բացառում՝ մի օր գուցե կբացի իր մանկության ու հարևանության դուռը։