Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը

ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, այս մասին «Ֆրանս պրես»-ին հայտնել են Ամերիկայի 46-րդ նախագահի գրասենյակից;

Վատիկանի առաջնորդի հուղարկավորությանը նախատեսված է նաև ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը։

ԱՄՆ նախագահից բացի աշխարհի ավելի քան 60 առաջնորդներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի արարողությանը։

Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ջո Բայդենը պաշտոնավարման ընթացքում մի քանի աշխատանքային և մասնավոր հանդիպումներ է ունեցել Հռոմի պապի հետ։

Պաշտոնաթողությունից առաջ՝ հունվարին պլանավորել էր Վատիկան այցելել՝ Ֆրանցիսկոսին անձամբ հանձնելու Ազատության նախագահական մեդալը, որը Ամերիկայի ամենաբարձր քաղաքացիական պարգևն է։ Սպիտակ տան նախկին ղեկավարը, սակայն, ստիպված եղավ չեղարկել ուղևորությունը Լոս Անջելեսում բռնկված աննախադեպ հրդեհների պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ նախագահն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Պապի հուղարկավորության արարողությանը

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։