Ջևդեթ Յըլմազ․ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի անվտանգության մակարդակը»

«Միջին միջանցքի» զարգացումն ու «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնեն անվտանգության մակարդակը տարածաշրջանում և կհանգեցնեն բարեկեցության աճի, Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ իր «սրտագին բարեմաղթանքները» փոխանցելով Ադրբեջանին։

Օրերս Երևան այցելած Յըլմազի հայտարարությունը հնչել է այսօր՝ Ստամբուլում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։

«Մենք հավատում ենք, որ խաղաղությունը շատ մոտ է։ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու դեպքում ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասը թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ տեսանկյունից շատ ավելի նշանակալի դերակատարություն կստանձնի», - հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։

Անդրադառնալով ապրիլի 23-ին Երևանում թուրքական դրոշի հրկիզման դեպքին՝ Յըլմազն այդ միջադեպը «սարսափելի» է որակել։

«Երևան կատարած իմ այցի ընթացքում ես քննարկել եմ այդ հարցը։ Ինչպես գիտեք Հայաստանի վարչապետ Փաշինյանը դատապարտել է այս միջադեպը։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ևս դատապարտել է տեղի ունեցածը, եղել են նաև արձագանքներ հայ հանրության կողմից։ Մեզ դա գոհացնում է», - ընդգծել է Թուրքիայի փոխնախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հանդիպել են Հայաստանի վարչապետը և Թուրքիայի փոխնախագահըՀայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրություն