Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունից ժամեր անց իսրայելական կործանիչները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի հրթիռային հարվածների:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե վստահ չէ, որ երկարաձգված հրադադարը լիովին կդադարեցնի հակամարտությունը Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի միջև: CNN-ին տված հարցազրույցում Դենի Դանոնն ասել է, որ Լիբանանի կառավարությունը չի վերահսկում Իրանի աջակցությունը վայելող շարժումը: «Հեզբոլան հրթիռներ է արձակում` փորձելով խափանել հրադադարը, իսկ Իսրայելը պետք է հակահարված տա»,- ասել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել պատերազմը նաև Իրանի դեմ: Իսրայել Կացն ասել է, որ զինվորականները սպասում են ԱՄՆ-ից «կանաչ լույսի»՝ վերացնելու առաջին հերթին հոգևոր առաջնորդ Խամենեի դինաստիան: Կացը նաև սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և երկիրը վերադարձնել «Քարի դար»։
«Այս անգամ հարձակումը տարբեր կլինի և մահացու: Ավերիչ հարվածներ կհասցվեն ամենացավոտ տեղերին, որոնք կցնցեն և կփլուզեն երկրի հիմքերը»,- հայտարարել է Կացը:
Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգել են հրադադարը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ով հայտարարեց, որ պատրաստ է սպասել «լավագույն գործարքին»՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։