Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական զինվորական մեքենան՝ հարավային Լիբանանում ավերված տների մոտ, ապրիլի 25, 2026թ.

Լիբանանի հարավային հատվածի առնվազն չորս բնակավայր իսրայելական հարվածների է ենթարկվել։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրար հաջորդած երկու հարված է հասցվել Բինտ Ջբեիլ շրջանի քաղաքներից մեկին, ևս երկու հարված՝ Նաբաթիե շրջանի երկու քաղաքներին, մեկ հարված էլ՝ Թայրե շրջանի քաղաքներից մեկին։

Իսրայելի պաշտպանության բանակը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել են «Հեզբոլա»-ի՝ ռազմական նպատակներով օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ հավելելով, որ «կշարունակեն վճռականորեն գործել սպառնալիքների դեմ»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ կարգադրել էր զինված ուժերին հարվածներ հասցնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի թիրախներին՝ հրադադարի ենթադրյալ խախտումներին ի պատասխան։

«Հեզբոլա»-ն էլ հաղորդել է, որ իսրայելական զինուժին պատկանող մեքենա է թիրախավորել՝ պատասխանելով իր ուղղությամբ հարվածին։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցություն վայելող «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։

Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելն ու «Հեզբոլան» շարունակել են փոխհրաձգությունըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի հարձակումների Ֆրանսիայի ԱԳՆ․ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ հարձակումը ռազմական հանցագործություն էԲանակցություններից առաջ Իսրայելը Բեյրութին կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել «Հեզբոլա»-ի դեմ