Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալներ՝ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու Իրանի ծրագրերի մասին

Արխիվ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի դեմ նոր հարվածների, սակայն շփումները շարունակվում են

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների երկու գիշերվանից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Չնայած ամերիկյան ուժերը շարունակում են գտնվել բարձր մարտական պատրաստականության վիճակում, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ առաջնահերթությունը տալիս է դիվանագիտական կարգավորմանը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հեռուստաընկերության զրուցակիցների փոխանցմամբ՝ Պենտագոնը անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու տարբերակներ է մշակել, սակայն այս պահին Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտությանը տալ առաջատար դեր։

CNN-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմավարությունը սահմանափակ ռազմական գործողությունների և դիվանագիտական դադարների հերթագայությունն է։

Թրամփի վարչակազմում հաստատել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները գնահատում է որպես ահաբեկչություն և զգուշացնում, որ պատրաստ է կրկին ուժ կիրառել, եթե նման հարձակումները կրկնվեն։

Իրավիճակը սրվեց Հորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումներից հետո

Լարվածության նոր փուլը սկսվեց այն բանից հետո, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվեց երեք լցանավերի վրա։ Ի պատասխան՝ չորեքշաբթի և հինգշաբթի գիշերները ԱՄՆ-ը շուրջ 170 հարված հասցրեց Իրանի տարածքին։

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 93-ը։

Իրանն, իր հերթին, պատասխանեց Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին և ռազմաբազաներին հասցված հարվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին, Իրանը հարևաններին է թիրախավորել

Նախօրեին իրանական լրատվամիջոցները նաև հայտնել են երկրի տարածքին ԱՄՆ-ի նոր հարվածների մասին, սակայն Վաշինգտոնը հերքել է այդ տեղեկությունը։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ մայիսի սկզբից ապահովել է ավելի քան 800 առևտրային նավի անվտանգ անցումը և շուրջ 380 միլիոն բարել նավթի փոխադրումը այդ միջազգային առևտրային միջանցքով։

Axios-ի տվյալներով՝ վերջին օրերին Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան ինտենսիվ շփումներ են ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի հետ։

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը «տարբեր ճակատներում»։

Միաժամանակ CNN-ը հայտնել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալներ, որոնք վկայում են Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու Իրանի ծրագրերի մասին։

Իրանում տեղի ունեցան այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները

Մաշհադում ավարտվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հուղարկավորության մեկշաբաթյա արարողությունը։ Նրանք, ըստ հրապարակումների, զոհվել էին փետրվարի 28-ին Թեհրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ

Սգո երթն ուղեկցվել է հակաամերիկյան կարգախոսներով։ Մասնակիցների մի մասը կրել է Դոնալդ Թրամփին ուղղված սպառնալիքներ պարունակող պաստառներ։

Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդին և հայտարարված իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին, հուղարկավորության արարողությունների ընթացքում այդպես էլ չհայտնվեց հանրության առջև։

Իրանը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գնահատականները

Թուրքիայում Իրանի դեսպանությունը մերժել է ՆԱՏՕ-ի՝ Անկարայի գագաթնաժողովի հռչակագրում տեղ գտած պնդումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում ազատ նավարկության վերաբերյալ, դրանք բնութագրելով որպես՝ «անհիմն, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և անընդունելի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ն վերահաստատում է երկաթե հանձնառությունը հավաքական պաշտպանությանը

Ըստ իրանական ISNA գործակալության, դեսպանության հայտարարության մեջ նշել է.

«Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։ Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պատասխանատու մասնակից պետություն՝ Իրանը հետևողականորեն հայտարարել է, որ միջուկային զենքը տեղ չունի իր պաշտպանական դոկտրինում»։

Անկարայում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում նշվել էր, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Դաշինքը կոչ էր արել Իրանին՝ հարգել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը։