Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչի Իսպանիա - Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 1:0 հաշվով հաղթանակ տարավ 2022 թ-ի աշխարհի չեմպիոն Արգենտինայի նկատմամբ, այսպիսով՝ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի գավաթը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0, թիմերը հանդիպումը շարունակեցին լրացուցիչ ժամանակում։ Արգենտինան 10 հոգով շարունակեց խաղը. արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը հեռացվեց խաղադաշտից՝ խախտման համար։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը բացեց «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը:
Ֆերան Տորեսը
Աշխարհի գավաթը հանձնեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն
Աշխարհի գավաթի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Պաու Կուբարսին, լավագույն ֆուտբոլիստ՝ Ռոդրին և լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ Ունայ Սիմոնը:
Թրամփը ներկա էր Իսպանիա-Արգենտինա հանդիպմանը
Աշխարհի առաջնության եզրափակիչին ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 80-ամյա նախագահը նույնիսկ ոսկե գավաթին դիպչելու հնարավորություն ունեցավ նախքան այն կհանձնվեր ապագա հաղթողին։ Երբ գավաթը մի պահ բերեցին նրա մոտ՝ VIP օթյակ, նա ձեռքով թեթևակի շոյեց այն։
Թրամփը նստած էր առաջին տիկին Մելանիա Թրամփի և ՖԻՖԱ-ի նախագահ և իր մտերիմ ընկեր Ջանի Ինֆանտինոյի կողքին։
ԱՄՆ նախագահը նստած էր նաև Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մոտ, թեև նրանց հետ նրա հարաբերությունները բարեկամական չեն։
Առաջին անգամ Աշխարհի առաջնության պատմության մեջ մոտ 30 րոպե ընդմիջում
Առաջին անգամ Աշխարհի առաջնության պատմության մեջ մոտ 30 րոպե ընդմիջում եղավ (Իսպանիա-Արգենտինա խաղի ընդմիջման ընդհանուր տևողությունը 27 րոպե): MetLife մարզադաշտում տեղի ունեցավ աստղերով լի, Super Bowl-ի ոճով կազմակերպված շքեղ շոու, որն առաջին անգամ էր անցկացվում ֆուտբոլի գլխավոր մրցաշարի եզրափակիչում: Ընդմիջման ժամանակ երաժշտական գլխավոր դերակատարներ էին Մադոննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, BTS-ը, Coldplay-ը, շոուին ներկա էին նաև «Ted Lasso» սերիալի դերասանները:
Իսպանիա-Արգենտինա եզրափակիչից մի քանի ժամ առաջ Արգենտինայի ավագ Լիոնել Մեսսին Instagram-ում հուզիչ գրառմամբ անդրադարձել էր իր թիմին և վերջին տարիների ձեռքբերումներին.
«Ինչ էլ լինի, այս թիմն արդեն կերտել է մի պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա, և որը ոչ ոք չի կարող ջնջել։ Առա՛ջ, Արգենտինա», - Instagram-ում գրել էր 39-ամյա Մեսսին՝ հրապարակելով Արգենտինայի ֆուտբոլիստների, մարզիչների և թիմի անձնակազմի համատեղ լուսանկարը: