Իշխանությունը և ընդդիմությունը տարբեր գնահատականներ են տալիս ԵԽԽՎ բանաձևին

Արխիվային լուսանկար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովը երեկ ընդունած զեկույցում խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ: Անդրադարձել են նաև արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի շարժմանը, որ վարչապետի հրաժարականի պահանջով էր: Բագրատ սրբազանի ձերբակալության մասին էլ են նշել: Վեհաժողովը առանց անուններ նշելու մտահոգություն է հայտնել մի քանի հոգևորականի՝ իշխանութունը զավթելու փորձի հաղորդումների հետ կապված:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ

Զեկույցում անդրադարձել են նաև սպասվող խորհրդարանական ընտրություններին: Ափսոսանք են հայտնում, որ Հայաստանում քաղաքական ուժերը չափազանց բևեռացված են: Վերահաստատում են պետական միջոցների չարաշահման ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը: Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովել, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված, և որ ընտրությունների մասնակիցները զերծ մնան անձնական հարձակումներից:

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն այս զեկույցը համարում է անընդունելի: Ոչ մի բառ չկա քաղաքական պատճառներով բանտարկված տասնյակ մարդկանց, ազատությունից զրկված հոգեւորականների մասին, քննադատում է ընդդիմադիր պատգամավորը Ստրասբուրգից: Նրա կարծիքով՝ Փաշինյանի նկատմամբ չափազանց չեզոք են զեկուցողները.

«Պարզ տրամաբանությունից է բխում, որ եվրոպական որոշ կառույցներ աշխարհաքաղաքական շահերն ավելի շատ են կարևորում, քան ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները, որոնք, իմ կարծիքով, անընդունելի ու ամոթալի է: Զեկույցում առկա են ձևակերպումներ, որոնք խայտառակ են պարզապես: Հայաստանում առկա է 50-ից ավելի քաղբանտարկյալ, իսկ զեկույցում դրա մասին ոչ մի տառ չկա, հետևությունները թողնում եմ քաղաքացիներին», - ասում է Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն անընդունելի է համարում, որ հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են նշել ու Բագրատ սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ:

Մամիջանյանի խոսքով.- «Գործը փլվում է, բոլոր էն քարոզչական ստերը, վիդեոները, ձայնագրությունները մոնտաժած, որոնք հրապարակվել են, հատ առ հատ հերքվում են ամբողջական տարբերակի հրապարակումից հետո, բայց այդպիսի բան է տեղ գտնում ԵԽԽՎ զեկույցում և բանաձևում։ Դա անընդունելի է»։

Նա մի բանի համար է շնորհակալ Վեհաժողովին, որ կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ գերիներին: Այս հարցում իշխանության ու ընդդիմության դիրքորոշումը նույնն է:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ գերիների հատվածը առանձնացնելով՝ հայտարարել է ընդունված զեկույցի մասին: Երկրորդ կետը, որ առանձնացրել է իշխանության ներկայացուցիչը, հոգևորականների՝ իշխանությունը զավթելու մտահոգության մասին է:

«Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբինյանը:

Ընդդիմադիր Մամիջանյանը, որ զեկույցը որակում է կողմնակալ, կարևորում է, որ արձանագրվել է վարչապետ-կաթողիկոս լարվածության մասին:

«Եվրոպական կառույցները նույնիսկ իրենց լոյալության պարագայում չէին կարող դրանց մասին չխոսել։ Զեկույցում հստակ նշվում է, որ սա առճակատում է պետության և եկեղեցու միջև։ Այսինքն՝ Փաշինյանի էն հեքիաթային խոսքերը, որ իբր իրենք եկեղեցու դեմ չեն պայքարում, Վեհափառ Հայրապետի դեմ են պայքարում և այլն, և այլն, ևս մեկ անգամ այստեղ ապացուցվում է, որ դա սուտ է», - նշում է ընդդիմադիր պատգամավորը:

Առաջիկա ընտրություններին վերաբերող հատվածն էլ է Մամիջանյանն առանձնացնում, ըստ նրա՝ դա պահանջ է վարչական ռեսուրս չկիրառելու ու ժողովրդավարական ինստիտուտների վրա քաղաքական ազդեցություն չունենալու մասին:

Ի՞նչ կարծիքի են իշխող խմբակցությունում Վեհաժողովի զեկույցի մասին, վարչապետ- կաթողիկոս լարվածության վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեն և համաձա՞յն են ընդդիմության հետ, որ Հայաստանում տիրող մթնոլորտը արտահայտված չէ զեկույցում: Իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել ու հետո էլ չարձագանքեց:

Վեհաժողովի նիստերը շարունակվում են: Վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա և պատգամավորների հարցերին կպատասխանի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՞ ոչ. ընդդիմությունը նախագիծ է հեղինակելԿալանավորված ընդդիմադիրներին, հոգևորականներին ազատ արձակելու պահանջով ընդդիմությունն ակցիա իրականացրեցԵպիսկոպոսաց ժողովը՝ դրսում. Մայր Աթոռը խոսում է հնարավոր ճնշումների մասին, իշխանությունը՝ հերքումԹիրախում կաթողիկոսն է. փաստաբանԻմ կողմից եկեղեցու վրա հարձակում չկա. ՓաշինյանՄայր Աթոռը եկեղեցիներին առնչվող իշխանական նախաձեռնությունը համարում է կաթողիկոսի դեմ արշավի մի մասՍամվել Կարապետյանի Նոր տարին՝ տանը, սրբազաններինը՝ ԱԱԾ խցում և հիվանդանոցում