«Իշխանությանը հեռացնելու հարցում բոլորի հետ համագործակցելու ենք». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այսօր հայտնեց, որ իր սկսած համախմբման գործընթացի շրջանակում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունենում։

«Համարյա ամեն շաբաթ գլխավոր ուժերի հետ հանդիպումներ է եղել, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը»,- ասաց Կարապետյանը։ Հարցին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղե՞լ է, Կարապետյանը բացասական պատասխան տվեց։ «Ազատության» հարցին, թե ո՞ր ուժերի հետ են հանդիպումները, որոնք են «այդ ճանապարհները», և արդյոք այն փակուղի չի մտել, Կարապետյանն ասաց միայն.

«Ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն, դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Ես չեմ ուզում աշուն, գարունով սահմանափակվենք։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Ինչը, որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցելու ենք»։

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը դեռևս հունիսի 17-ին էր հայտարարել «Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով» ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին: Կարապետյանը, որ նախընտրական շրջանում դաշինք էր կազմել հանրությանն անհայտ 2 ուժերի հետ, ընտրություններից հետո ընդունել էր, որ սխալվել են: Ավելի ուշ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը դեռ չի բացում փակագծերը, թե ինչպես է հասնելու իշխանափոխության: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ինքն է մեղադրում ընդդիմադիրներին համատարած կաշառքով խորհրդարան անցնելու համար, իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դնողներին էլ կոչ է անում դուրս գալ փողոց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի սկսած կոնսոլիդացիան Սամվել Կարապետյանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու «իր ժամկետներն ունի» «Կայծակնային հեղափոխության սցենարը չի աշխատի այս պահին». ո՞րն է Սամվել Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզըՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով