Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին

Վիճաբանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, Երևան, 19-ը մայիսի, 2026թ.

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ խստորեն դատապարտում են երեկ Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան և դադարեցնել քրեական հետապնդումը:

«Առավել ևս անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործունեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն», - ասված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», Երևանի Մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի և մյուս կազմակերպությունների հայտարարությունում:

Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու և բռնության գործադրման հրապարակային կոչի համար, ինչը, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, «անօրինական և անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

«Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք», - հայտարարում են իրավապաշտպանները՝ շարունակելով. - «Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։ Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում»։

Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության և գործնեության անաչառության բացակայությունը, ավելին՝ նման
պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը, ասված է հայտարարությունում:

Իրավապաշտպան կազմակերպությունները Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջում են նաև պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա, բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումները, այդ թվում՝ «քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետին քննադատած քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվելՎարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելիՓաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի տղամարդը ձերբակալվել էՓաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերով