Իրավապահները մերժել են քննել Փաշինյանի վարքագիծն ու բառապաշարը

Քննչականը մերժել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի հաղորդումը՝ վարույթ նախաձեռնել և քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ դատախազն, իր հերթին, հաստատել է քննիչի այս որոշումը:

Անցած շաբաթ իր դիմումում Վարդևանյանը հիշեցրել էր Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին:

Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Փաստաբանը թվարկել էր այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք:

Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել էր, որ ր Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագումով, քաղաքական և այլ հայացքներով:

Թե ի՞նչ հիմքով են իրավապահները մերժել վարույթ նախաձեռնել, չեն մանրամասնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմՄեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը