Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել

Լցանավ Պարսից ծոցում

Իրանը հայտարարել է, որ չնայած ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակմանը, տարվա առաջին կեսին ավելի քան հինգ միլիոն տոննա նավթամթերք է արտահանվել:

Հորմոզգանի նավահանգստային և ծովային կազմակերպությունը հայտնել է, որ նավթամթերքն արտահանվել է Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստից։

«Չնայած անարդար պատերազմին և տնտեսական սահմանափակումների սրմանը … այս նավահանգստից արտահանվել է 5,140,000 տոննա նավթամթերք»,- իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի նավթի և գազի նախարարության գլխավոր տնօրեն Հոսեյն Աբբասնեջադի խոսքերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն «անբավարար» է անվանել իր 7 առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանը

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերն իրանական նավահանգիստների նկատմամբ շրջափակում սահմանեցին ապրիլին այն բանից հետո, երբ պատերազմը դադարեցնելու շուրջ Պակիստանում ընթացող բանակցությունների արդյունքում կողմերը չկարողացան համաձայնության գալ:

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ դրանք թիրախավորում են անհատների, ցանցերի և 17 նավերի, որոնք տեղափոխում են իրանական հում նավթ, նավթամթերք և նավթաքիմիական արտադրանք։

Այս ֆոնին նավթի գինը երեքշաբթի շարունակել է անկումը։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1.30 դոլարով կամ 1.2 տոկոսով՝ հասնելով 105.35 դոլարի մեկ բարելի համար, մինչդեռ ԱՄՆ West Texas Intermediate (WTI) նավթը նվազել է 1.25 դոլարով կամ 1.3 տոկոսով՝ հասնելով 92.49 դոլարի։

ԱՄՀ կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կտրուկ իջեցրել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի 2026 թվականի աճի կանխատեսումը. ԱՄՀ-ն հիմա կանխատեսում է 0.3 տոկոս անկում՝ վեց ամիս առաջ կանխատեսված 1.9 տոկոս աճի համեմատ։

ԱՄՀ-ն որպես պատճառ նշել է Հորմուզի նեղուցի երկարատև փակումը և նավթի արդյունահանման, նավագնացության և արտահանման խափանումները, որոնք առաջացել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կոչնչացնի Ծոցում ԱՄՆ տվյալների կենտրոններն ու մալուխները, եթե պատերազմը վերսկսվի. Ռեզաի

Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը, կանխատեսումների համաձայն, այս տարի կունենան երկնիշ տնտեսական անկում, ինչին կհաջորդի ուժեղ վերականգնում 2027 թվականին, եթե արտադրությունն ու առևտրային ուղիները վերադառնան բնականոն հուն։

ԱՄՀ-ն նաև կանխատեսում է, որ Իրանի տնտեսությունը կկրճատվի 7.6 տոկոսով: Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կկրճատվի 3.3 տոկոսով, իսկ ԱՄԷ-ին՝ 3.9 տոկոսով։ Օմանը Պարսից ծոցի միակ երկիրն է, որը, կանխատեսումների համաձայն, այս տարի կգրանցի դրական աճ՝ 2.4 տոկոս։

Չնայած անկմանը՝ ԱՄՀ-ն կանխատեսում է, որը տարածաշրջանը զգալիորեն կվերականգնվի 2027 թվականին՝ եթե Հորմուզի նեղուցը բացվի և նավթի արտահանումը վերսկսվի։