Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որը մեղադրվում էր 2022 թվականին «Կանայք, Կյանք, Ազատություն» բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի աշխատակցի սպանությանը մասնակից լինելու համար, հայտնում է Իրանի դատական համակարգին մոտ կանգնած Mizan գործակալությունը։
Մեհրամ Աբդուլազադեն ազգությամբ քուրդ էր, կալանավորվել էր Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում, երբ 25 տարեկան էր։
Մարդու իրավունքների քրդական ցանցը փետրվարին հրապարակել էր տղայի ուղերձը, որով նա բարձրաձայնել է իր դեմ խոշտանգման մասին։
«Իմ կալանավորման առաջին իսկ օրվանից նրանք ինձ խոշտանգման և սպառնալիքների միջոցով ստիպել են խոստովանել», - ասել է տղան՝ հավելով, որ իր միակ «հանցանքը քուրդ լինելն է»։
Նախօրեին Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով Իրանում երկու անձի մահապատժի էին ենթարկել: Հաղորդվում է, որ նրանցից առնվազն մեկը ևս քուրդ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը մահապատժի է ենթարկել երկու մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսության համարՔրդերը կազմում են Իրանի բնակչության մոտ 10 տոկոսը՝ հիմնականում բնակվելով երկրի արևմտյան մասում՝ Իրաքի հետ սահմանի երկայնքով։ Իրավապաշտպաններն Իրանին մեղադրում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի նկատմամբ ճնշումների և խտրականության ենթարկելու համար։
Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։ Իսլամական Հանրապետությունը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է։