Իրանը հայտարարում է, որ կարող է նոսրացնել հարստացված ուրանը, եթե բոլոր պատժամիջոցները վերացվեն

Իրանը հայտարարել է, թե պատրաստ է նոսրացնել իր՝ բարձր հարստացված ուրանը, եթե Միացյալ Նահանգները վերացնի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Այս հայտարարությունը հնչել է կողմերի միջև անցած ուրբաթ Օմանի միջնորդությամբ վերսկսված բանակցություններից հետո։

«Անդրադառնալով 60 տոկոս հարստացված ուրանը նոսրացնելու հնարավորության մասին հարցին՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին նշել է՝ դա կախված է նրանից, թե արդյոք այդ դեպքում բոլոր պատժամիջոցները կվերացվեն», - հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը՝ չմանրամասնելով՝ Թեհրանն ակնկալում է միայն ամերիկյան, թե արևմտյան բոլոր պատժամիջոցների վերացում:

Մինչ այդ հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վաղը կայցելի Օման՝ տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները քննարկելու։