Իրանի զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրա։
«Եղբայրական Իրաքը ազատված է Հորմուզի նեղուցում մեր կողմից սահմանված ցանկացած սահմանափակումից», - ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ի տվյալներով՝ այս որոշումը կարող է հնարավորություն տալ շուկա դուրս բերել օրական մինչև երեք միլիոն բարել իրաքյան նավթ։ Սակայն իրաքցի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ գործնական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նավագնացության ընկերությունները պատրաստ են մտնել նեղուց՝ շարունակվող ռիսկերի պայմաններում։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք այս բացառությունը վերաբերում է ամբողջ իրաքյան նավթին, թե՞ միայն երկրի դրոշի տակ գտնվող տանկերներին։ Նաև պարզ չէ, թե ինչպես դա կիրականացվի։
Իրաքը նավթ արտահանող երկրների միջազգային կազմակերպությունում երկրորդ խոշորագույնն է՝ Սաուդյան Արաբիայից հետո։
Bloomberg-ի տվյալներով՝ մարտին Իրաքի նավթի արտահանումը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 97 տոկոսով՝ կազմելով օրական միջինը 99,000 բարել:
Մինչև տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելը, Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհի նավթի և նավթամթերքի 15-20 տոկոսը և հեղուկ բնական գազի ավելի քան 30 տոկոսը: