Իրանի ռազմական աղբյուրները հերքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Թեհրանը խնդրել է Վաշինգտոնին ձեռնպահ մնալ երկրի դեմ նոր հարձակումներից, այսօր հայտնել է Mehr լրատվական գործակալությունը:
Իրանական լրատվամիջոցը մեջբերում է անանուն աղբյուրներին, որոնք պնդել են, թե Թրամփի հայտարարությունը «պարզապես նոր սուտ» է և «Պարսից ծոցի տերերին շանտաժի ենթարկելու և սպառնալիքներով ճնշելու» փորձ։
Ըստ աղբյուրների՝ Իրանի զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և պատրաստ են ցանկացած զարգացման: Թեհրանից նաև շեշտել են՝ եթե առճակատումն անխուսափելի լինի, «ռազմի դաշտը վճռորոշ նշանակություն կունենա»՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ն կշարունակի՞ հարձակումները, թե՞ կնահանջի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ուշ երեկոյան հայտարարել էր, որ «Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների խնդրանքով» ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից, քանի դեռ հնարավոր է արագ գործարք ձեռք բերել Իրանի միջուկային հավակնությունները կասեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։
Վերահաստատելով ռազմական սպառնալիքը՝ նա միաժամանակ նշել էր․ «Հաշվի առնելով այս խնդրանքը՝ հանուն աշխարհի ապագա բարօրության, ինչպես նաև հաջողակ և բարգավաճ Իրանի գոյատևման, համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր կլինի արագորեն գործարք կնքել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հայտարարում է՝ ձեռնպահ կմնա Իրանի դեմ նոր հարձակումից՝ արագ գործարքի հույսովՍպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ռազմական գործողությունները դադարեցնելու իր որոշմանը միացել է նաև Իսրայելը։
Թեհրանն, իր հերթին, նախօրեին զգուշացրել էր Վաշինգտոնին չգնալ «արկածախնդրական գործողության»՝ հայտարարելով, որ վճռական հակահարված կտա, եթե ամերիկյան ուժերը դարձյալ թիրախավորեն Իրանը։