Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականին արտոնվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակում թիմի յուրաքանչյուր հանդիպումից մեկ օր առաջ։
Չնայած Իրանի հավաքականի կեցավայրը Մեքսիկայում է, իրանցի ֆուտբոլիստները խմբային փուլը հաղթահարելու բոլոր երեք հանդիպումներն էլ ԱՄՆ-ում են անցկացնելու։ Հունիսի 15-ին Լոս Անջելեսում նրանք կմրցեն Նոր Զելանդիայի, հունիսի 21-ին՝ նույն քաղաքում Բելգիայի և հունիսի 26-ին Սիեթլում՝ Եգիպտոսի հավաքականների հետ։
Ավելի վաղ Մեքսիկայում Իրանի դեսպան Աբոլֆազ Փասանդիդեն հայտնել էր, որ հավաքականի ֆուտբոլիստները և տեխնիկական անձնակազմը պետք է Միացյալ Նահանգներ ժամանեն նախատեսված խաղի օրը՝ Մեքսիկայի կեցավայր վերադառնալով նույն օրվա ընթացքում։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, սակայն, իրանական կիսապաշտոնական ISNA-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ «նրանք մեր ազգային թիմին թույլ են տվել հանդիպումից մեկ օր առաջ մուտք գործել»։
Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղարության՝ ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու համար իրանցի մարզիկների և անձնակազմի վիզաներն արդեն տրամադրված են։ Չի նշվում, թե հանդիպումից հետո որքան ժամանակում իրանցիները պետք է լքեն երկիրը։
Սա պատմության առաջին Աշխարհի գավաթն է, երբ հյուրընկալող երկիրը կընդունի իր հետ պատերազմի մեջ գտնվող երկրի հավաքականի։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի գալիք շաբաթ։ Այն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։