Իրանում հունվարյան ցույցերի ևս մեկ մասնակից է մահապատժի ենթարկվել

Արխիվային լուսանկար

Իրանի դատական համակարգն այսօր հայտարարել է հունվարին երկրով մեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի կալանավորված մասնակիցներից ևս մեկին մահապատժի ենթարկելու մասին:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մաջիդ Ադինեն կալանավորվել էր հունվարի 9-ին Քարաջի Մոհամմադշար շրջանում:

Ադինեն մեղավոր է ճանաչվել «թշնամական խմբերի», Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համագործակցելու, «պատերազմ բորբոքելու» մեջ: Ըստ դատական համակարգի՝ ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ եղել է «Կոլտ» ատրճանակ, 30 փամփուշտ, երկու էլեկտրաշոկեր, երկու տարայով արցունքաբեր գազ, լիցքավորվող էլեկտրասղոց և բենզինով լի շիշ:

Գերագույն դատարանը մերժել է դատավճռի դեմ վճռաբեկ բողոքը, և մահապատիժն ի կատար է ածվել այսօր առավոտյան:

Համաձայն վերջին տվյալների՝ այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 483 մարդ, նրանցից շատերը՝ հունվարյան ցույցերի կապակցությամբ, որոնց ընթացքում անվտանգության ուժերը հազարավոր մարդկանց սպանեցին և տասնյակ հազարավորներին ձերբակալեցին:

Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ պատերազմի սկզբից՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանում կտրուկ աճել է մահապատիժների թիվը, ներառյալ՝ ցուցարարների, արգելված խմբերի ենթադրյալ անդամների և ենթադրյալ լրտեսների, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալներ են որակել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում մահապատժի են ենթարկել 2 տղամարդու՝ հունվարյան բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքովԻրանում հերթական մահապատիժն է իրականացվելAmnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանցՆոր մահապատիժներ ԻրանումԵվս մեկ մահապատիժ Իրանում՝ հակակառավարական ակցիաներից հետո