Իրանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ շրջանակային համաձայնագիր կստորագրեն

Իրան, Թեհրան, 15-ը հունիսի, 2026թ.

Պատերազմի 107-րդ օրը Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են, որ համաձայնել են խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ուրբաթ օրը Շվեյցարիայում, որին հաջորդող 60 օրերին կողմերը կբանակցեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ։

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ներկա կլինի Ժնևում փաստաթղթի ստորագրմանը, և «հնարավոր է»՝ նախագահը ևս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել

Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ այս «մեծ գործարքը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին»: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի համաձայնագրի ստորագրումից հետո, և Պարսից ծոցի նավթը կսկսի ազատ արտահանվել։

«Այսպիսով ես հայտարարում եմ Հորմուզի նեղուցը բացելու մասին՝ առանց տուրքերի, զուգահեռաբար հայտարարում եմ ամերիկյան ծովային շրջափակումն անմիջապես ավարտելու մասին։ Աշխարհի նավե՛ր, գործի դրե՛ք ձեր շարժիչները, թո՛ղ հոսի նավթը», - ասել է Դոնալդ Թրամփը։

Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ համաձայնության հասնել հնարավոր է դարձել Թեհրանում միջնորդ Կատարի ներկայացուցիչների հետ երեկ մոտ 15 ժամ բանակցելուց հետո միայն: Պետական հեռուստաընկերությանը Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ համաձայնագրով «անհապաղ և մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», իսկ միջուկային հարցերը կքննարկվեն ստորագրմանը հաջորդող 60-օրյա ժամկետում, հավելել է նա։

«Այս պահին փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես մշակված է … Պաշտոնական ստորագրումը նախատեսված է ուրբաթ, իսկ որպես հանդիպման վայր դիտարկվում է Շվեյցարիան», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մաս են: Համաձայնագիրը կայուն չի լինի, եթե Լիբանանի անվտանգությունը վտանգված լինի, զգուշացրել է Էսմայիլ Բաղային: Այս համաձայնագիրը ոչ մի դեպքում չի նշանակում, որ Թեհրանը կմոռանա կամ կների իրանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, հավելել է նա:

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն ողջունել է համաձայնագիրը՝ նշելով, որ Լիբանանի ներառումն արտացոլում է Իրանի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու հարցում:

Չնայած հուշագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվել՝ իրանական լրատվամիջոցները նշում են, որ ըստ փաստաթղթի՝ մշտական հրադադար պետք է հաստատվի բոլոր ճակատներում: Վաշինգտոնը պարտավորվում է չմիջամտել Թեհրանի ներքին գործերին, 30 օրում վերացնել Իրանի ծովային շրջափակումն ու իր զորքը դուրս բերել տարածաշրջանից: Նաև Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի 30 օրում՝ «Իրանի հետ պայմանավորվածությունների համաձայն», ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրեր պետք է իրականացնեն։

Իրանն էլ պարտավորվում է 30 օրում բացել Հորմուզի նեղուցը, միջուկային զենք չստեղծել, նաև, Mehr գործակալության, պայման է դրել՝ «վերջնական բանակցությունները կսկսի միայն երբ ապասառեցվի իրանական սառեցված միջոցների կեսը, վերացվեն պատժամիջոցներն ու ծովային շրջափակումը»։

Համաձայնության մասին լուրի ֆոնին նավթի գինը նվազել է՝ հասնելով 84 դոլարի: Եվրոպական ֆոնդային շուկաների ինդեքսներն աճել են։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, ողջունել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնությունը: Եվրոպական առաջատար երկրները հայտարարել են, որ պատրաստ են մեղմել Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ։

ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ այս համաձայնագիրը «նշանակալի պահ է Միացյալ Նահանգների համար»: Ըստ Ջեյ Դի Վենսի՝ այն կվերացնի Թեհրանի միջուկային սպառնալիքը և ամբողջությամբ կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ տասնամյակներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի հետ գործարքը հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիներին. Վենս

«Եթե իրանցիները կատարեն այս գործարքի պայմանները, այն հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիներին։ Այն վերջ կդնի պատերազմին, Մերձավոր Արևելքը կդարձնի ավելի գրավիչ ներդրումների համար», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Չնայած համաձայնությանը՝ Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական ուժերն անորոշ ժամանակով կմնան Լիբանանում, Սիրիայում և Գազայում զբաղեցրած դիրքերում։

Ազգային անվտանգության նախարարն էլ հայտարարել է, որ այս համաձայնագիրը ոչինչ չի պարտավորեցնում Իսրայելին, քանզի Թել Ավիվը դրա կողմ չէ: Ըստ Իտամար Բեն Գվիրի՝ այն չի պաշտպանում Իսրայելի անվտանգությունը։ «Մենք չպետք է դուրս գանք մեր զինվորների գրաված և ահաբեկչական ենթակառուցվածքներից մաքրված տարածքի ոչ մի սանտիմետրից», - ասել է նա:

Ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ այս համաձայնությունը «վատ է Իսրայելի և ողջ ազատ աշխարհի համար»: Իսրայելը կշարունակի իրանական «ռեժիմը տապալելու արշավը», - ասել է Բեզալել Սմոտրիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշխարհն արձագանքում է ԱՄՆ-Իրան փաստաթղթի համաձայնեցմանըԻսրայելը դուրս չի գա Լիբանանի, Սիրիայի և Գազայի տարածքներից. ԿացԻսրայելցի նախարարը խոստացել է շարունակել Իրանում «ռեժիմը տապալելու» արշավըԹրամփը հայտարարել է, որ Բեյրութի վրա Իսրայելի վերջին հարվածները «չպետք է տեղի ունենային»Իսրայելը հարձակվել է Բեյրութի հարավում «Հեզբոլա»-ի թիրախների վրա