Իրանն առաջարկում է մեծացնել գազի արտահանման ծավալները դեպի Հայաստան, ինչպես նաև գնահատել կապույտ վառելիքը Հայաստանի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը, անցած շաբաթավերջին՝ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպումից հետո, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին նշել է, որ Թեհրանը Երևանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի «ընդլայնել բնական գազի արտահանումը»։ Մինչ այժմ 2 երկրների էներգետիկ համագործակցությունն իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։
Միաժամանակ, իրանցի նախարարը նշել է, որ նոր առաջարկի իրականացումը պահանջում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների բազմակողմանի գնահատում, ինչպես նաև իրանական գազի արտահանման համար Հայաստանի տարածքը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու հնարավորության դիտարկում:
Առայժմ պարզ չէ, արդյո՞ք պաշտոնական Երևանը համաձայնել է իրանական գազի ծավալներն ավելացնելու Թեհրանի առաջարկին: Տարածքային կառավարման նախարարությունը միայն տեղեկացրել է, թե կողմերը քննարկել են «մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու և էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ»։
Իրան-Հայաստան գազատարը օգտագործում է իր կարողության չնչին մասը
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ 2 երկրների միջև ստեղծվելիք նոր աշխատանքային խումբը պետք է քննարկի, թե ինչ ճանապարհով կարելի է մեծացնել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը:
140 կիլոմետրանոց խողովակաշարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ գրեթե 20 տարի առաջ՝ 2007 -ին՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ:
Տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու կարողություն ունեցող այս գազատարը, որ անհրաժեշտության դեպքում կարող է ծածկել Հայաստան ներքին պահանջարկի զգալի հատվածը, այսօր օգտագործում է իր կարողության չնչին մասը: Անցած տարի, ըստ փորձագետի, Հայաստան է արտահանվել ընդամենը 480 միլիոն խորանարդ մետր իրանական գազ:
Հայաստանը տարեկան սպառում է մոտ երկուսուկես միլիարդ խորանարդ մետր գազ, որի շուրջ 80 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից:
«Հիմնական խնդիրներից մեկը այս աշխատանքային խմբերի՝ հասկանալ, թե ինչպես մեծացնել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, մինչև ենթադրենք 1.1 միլիարդ, այսինքն, կրկնապատկել, և որպեսզի այս աշխատանքները չխոչընդոտեն համագործակցությունը ռուսական կողմի հետ, և իդեալական դեպքում նաև ներառեն Ռուսաստանին, էդ դեպքում կարելի է մտածել 2-2.3 միլիարդ կուբամետ գազ ներկրելու համար», - ասաց ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը:
Իրանական գազով հնարավո՞ր է ծածկել Հայաստանի ներքին պահանջարկը
Հայաստանը տարիներ շարունակ Իրանից ստացած գազը վերածում է էլեկտրաէներգիայի և փոխանցում Թեհրանին՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում: Փորձագետի համոզմամբ, Հայաստանի համար այս շահավետ գործարքը հնարավոր է ընդլայնել և կրկնապատկել իրանական գազի ներկրման ծավալները՝ տարեկան 480 միլիոնից հասցնելով 1.1 միլիարդ խորանարդ մետրի:
Իսկ հնարավո՞ր է արդյոք իրանական գազով ծածկել Հայաստանի ողջ ներքին պահանջարկը: Փորձագետն ասում է, որ հնարավոր է, սակայն կարծում է, թե Հայաստանն իր առջև այդպիսի խնդիր չի դրել, քանի որ Երևանին ձեռնտու է գազամատակարարման դիվերսիֆիկացիան, այսինքն կապույտ վառելիքը ստանալ և՛ Իրանից, և՛ Ռուսաստանից: Առավել ևս որ ըստ Մարջանյանի, այժմ իրանական գազը 2 անգամ թանկ է Հայաստան ներկրվող ռուսական գազից: Իսկ «գազ էլետրաէներգիայի դիմաց» ծրագիրը, ըստ Մարջանյանի, թույլ է տալիս շրջանցել գնագոյացման հարցը, քանի որ գազը փոխանակվում է էլեկտրաէներգիայով:
«Գազը ստանում ենք, տեղը տալիս ենք էլեկտրական էներգիա, սա շատ ձեռնտու ռեժիմ է, և առաջիկա խնդիրն է այդ համագործակցությունը հասցնել նրան, որ 1.1 միլիարդ խորանարդ մետր ստանալ և 3 միլիարդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա արտահանել: Դրա համար պետք է կառուցել Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ գիծը, բայց այս աշխատանքային խմբերի ցանկում կարծես չի նշվում այդ գծի արագ և անխոչընդոտ թողարկումը այս տարվա վերջին կամ մյուս տարվա կեսերը», - ասաց փորձագետը:
Ռուսական կողմը կհամաձայնի՞ Թեհրանի առաջարկին
Մյուս կողմից, Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական «Գազպրոմ»-ի վերահսկողության ներքո, այսինքն, ըստ փորձագետի, առանց ռուսական կողմի համաձայնության՝ իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ: Հաշվի առնելով Մոսկվայի կողմից վերջին օրերին հայկական ապրանքների դեմ օր օրի ահագնացող պատժամիջոցները, ռուսական կողմը կհամաձայնի՞ Թեհրանի այս առաջարկին:
ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը կարծում է, որ հնարավոր է բանակցել:
Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացում՝ ռուսական զգուշացումների ֆոնին
Թեհրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու և գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին Իրանից հնչող հայտարարությունները հաջորդեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին զգուշացումներին:
Ռուսաստանի նախագահի խոսնակը դեռ 2 ամիս առաջ էր հայտարարել՝ Հայաստանի գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը:
Ավելի վաղ էլ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտին էր զգուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մոսկվան գազը Երևանին վաճառում է հազար խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն արժե շուրջ 600 դոլար:
Որքանո՞վ է իրատեսական իրանական գազի արտահանման ծավալների ավելացումը ԱՄՆ-Իրան աճող լարվածության ֆոնի, պաշտոնական Երևանն արդյո՞ք համաձայն է Թեհրանի այս առաջարկին, կոնկրետ ի՞նչ ժամկետում է ստեղծվելու հայ-իրանական էներգետիկ համատեղ աշխատանքային խումբը: Այս հարցերը տարածքային կառավարման նախարարից այսօր ճշտել չհաջողվեց, ակնկալվում է, որ Դավիթ Խուդաթյանի Իրան կատարած այցի ավարտին հայկական կողմը հանդես կգա մեկնաբանություններով: