Իրանի հոգևորական ղեկավարության հետ բանակցությունը «հաշտեցման քաղաքականություն» է. Փահլավի

Լուսանկարը՝ միջադեպից

Իրանի տապալված շահի որդի Ռեզա Փահլավին այսօր հայտարարել է, որ Թեհրանի հոգևորական ղեկավարության հետ ցանկացած բանակցություն «հաշտեցման քաղաքականություն» է, և հույս է հայտնել, որ նոր փողոցային բողոքները կկործանեն այդ իշխանությունը։

65-ամյա Փահլավին ելույթ է ունեցել Բեռլին կատարած այցի ընթացքում, որտեղ նրան դիմավորել են ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ․ ակտիվիստներից մեկը նույնիսկ կարմիր հեղուկ է լցրել նրա վրա, որից հետո բերման է ենթարկվել։

Լրագրողների հետ զրույցում Փահլավին կոչ է արել եվրոպական կառավարություններին, որոնք դուրս են մնացել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի շրջանակներից, այլ քայլեր ձեռնարկել՝ սկսած իրանցի դեսպանների արտաքսումից մինչև Իրանի քաղաքացիներին արգելափակված ինտերնետին հասանելիություն ապահովելը։

«Կրակի դադարեցման և բանակցությունների ողջ տրամաբանությունը հիմնված է այն մտքի վրա, թե իբր դուք գործ կունենաք մարդկանց հետ, որոնք հանկարծ դարձել են պրագմատիկներ։ Ես դա չեմ տեսնում»,- ասել է Փահլավին՝ հայտարարելով, որ Իրանը «հազարներով սպանել է անմեղ քաղաքացիների» և սպառնում է Եվրոպային հեռահար հրթիռներով։

Ապագայի մասին խոսելով՝ նա հուսյը դրել է ժողովրդական ապստամբության վրա։

«Ոչ մի համաձայնագիր դա չի լուծի։ Ոչ մի բանակցություն դա չի լուծի։ Դա նրանց ԴՆԹ-ի մեջ է»,- ասել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության արդյունքում տապալված Մոհամմադ Ռեզա շահի ժառանգը, որը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է առաջնորդել անցումային փուլը, եթե Իսլամական Հանրապետությունը տապալվի փետրվարի վերջում սկսված պատերազմի հետևանքով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք պաշտոնապես չի հանդիպել Փահլավիին և բազմիցս կասկած է հայտնել նրա առաջնորդելու կարողությունների վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փահլավին պնդում է՝ կապի մեջ է արտերկրում իրանական ընդդիմության հետՌեզա Փահլավին դատապարտել է Իրանի հարձակումները հարևանների վրա