ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրում կբախվի 25 տոկոսի մաքսատուրքի։
Իրանը երկար տարիներ գտնվում է Վաշինգտոնի խիստ պատժամիջոցների տակ։
«Այս կարգադրությունը վերջնական է»,- հավելել է Թրամփը:
Իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանը:
Սպիտակ տան կայքում տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ իրավական լիազորություններ է Թրամփը օգտագործելու սակագներ սահմանելու համար, կամ արդյոք դրանք ուղղված կլինեն Իրանի բոլոր առևտրային գործընկերների դեմ:
Իրանում վերջին տարիների խոշորագույն հակակառավարական ցույցերն են անցկացվում:
ԱՄՆ նախագահը, որն այս օրերին քանիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը սկսի սպանել ցուցարարներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը կապվել է իր հետ և ցանկանում է բանակցել: Դոնալդ Թրամփը, սակայն, ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է քայլեր ձեռնարկել նախքան իրանցիների հետ հանդիպումը։ Նա նաև նշել էր, որ միջամտության մի քանի տարբերակներ են դիտարկվում, այդ թվում՝ ռազմական, սակայն չէր մանրամասնել: Թեհրանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ կապի ուղիները բաց է պահում:
ԱՄՆ-ում տեղակայված HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է դեկտեմբերի 28-ի ցույցերի մեկնարկից ի վեր 599 մարդու՝ 510 ցուցարարի և 89 անվտանգության աշխատակցի մահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում սպանված ցուցարարների թիվն անցել է 500-ը, ձերբակալվածների թիվը մոտենում է 11 հազարին