Իրանի դեսպանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի գործին. «միջնորդ» է եղել՝ փորձելով լուծել հարցը

ՀՀ-ում Իրանի դեսպանն այսօր արձագանքել է կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործին, որում, ըստ Քննչական կոմիտեի, ներգրավված են նաև իրանի քաղաքացիներ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այսօր տեղի ունեցած ասուլիսում դեսպան Խալիլ Շիրղոլամիին հարցրին, թե նրան ինչ է հայտնի այս գործից, քանի որ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, թե հենց Իրանի քաղաքացիների կողմից է եղել չարաշահումը:

«Մենք Հայաստանի ներքաղաքական հարցերին չենք միջամտում և ցանկություն չունենք միջամտելու»,- ասաց դեսպանը, ապա անդրադառնալով բուն գործին տեղեկացրեց, որ անգամ միջնորդ է հանդես եկել կողմերի միջև.

«Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ապա մեր համար շատ ցավալի է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի պրոյեկտը այդպես էլ ցավոք սրտի հաջողությամբ չպսակվեց: Մենք ցանկանում էինք համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրավված էր պարոն Գագիկ Ծառուկյանը և Իրանի քաղաքացիներ: Սա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական ապրանքներն ու արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը թե՛ այս պրոյեկտի և թե՛ այլ բիզնես ծրագրի շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ»,- պատմեց դեսպանը:

Դեսպանը նկատի ունի դեռևս 2024-ի սեպտեմբերին Առինջ մոլի տարածքում բացված իրանական առևտրի կենտրոնը: Այդտեղ ներկայացված էին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները՝ նավթի, գազի, նավթաքիմիկատների ու դեղագործության ոլորտում, նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, թղթի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքները: Հանդիսավոր բացված կենտրոնը, սակայն, ձախողվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առինջում բացվել է աշխարհի ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնը

«Ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ, ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք փոխզիջումների արդյունքում հասնել համաձայնության: Մինչև վերջերս էլ կապի մեջ էի կողմերի միջև և փորձում էի գտնել լուծման մի տարբերակ, որն ընդունելի կլիներ 2 կողմերի համար էլ»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Դեսպանը նշեց, քանի որ այս պահին իրավական գործընթաց է, հույս ունեն, որ «առկա ապացույցների և վկայությունների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը»:

Դեսպանի խոսքով.- «Մենք բնավ չէինք ցանկանա, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, թե Իրանի և Հայաստանի քաղաքացիները չկարողացան աշխատել և այժմ տարաձայնություններ ունեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց

Իրանի դեսպանը շեշտեց, թե Իրանը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց և այնպես, ելնելով իրանական ներքաղաքական փորձից, շեշտեց, որ «երբ որևէ իրադարաձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի»:

«Մենք հուսով ենք և մաղթում ենք Հայաստանի բոլոր ուժերին՝ թե՛ իշխող կուսակցությանը, կառավարությանը, և թե՛ ընդդիմադիրներին, որպեսզի նրանք կարողանան միասնական լինել ազգային շահերի և նպատակների շուրջ:
Քանի որ, եթե չլինի այս միասնականությունը, ապա հնարավոր չի զարգացման հետագա ճանապարհները: Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական և համախմբված Հայաստան»,- ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Դեսպանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել իշխող կուսակցությանը: Իրանցի դիվանագետը հույս հայտնեց, որ այս շրջանում էլ երկու երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները է՛լ ավելի կզարգանան:


Տե՛ս նաև այստեղ