Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ինչպե՞ս կազդեն Երևանի և Թեհրանի հարաբերությունների վրա

Ինչպես կարող են ազդել Իրանի և նրա գործընկեր պետությունների նկատմամբ ԱՄՆ հայտարարած նոր տնտեսական պատժամիջոցները Հայաստանի և Իրանի հարաբերությունի և համատեղ նախագծերի վրա:

Երեկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հրապարակեց պատժամիջոցները, որոնց նպատակն է Իրանի տնտեսական և ֆինանսական կապերը հնարավորինս կտրել արտաքին աշխարհից: Նախորդ շաբաթ, երբ պատժամիջոցները դեռ հրապարակված չէին, բայց Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել էր, Հայաստանի վարչապետը ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունն անհանգստացած է այս վիճակով։

«Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար, մենք շատ անհանգստացած ենք, և մենք նաև այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- հայտարարել է վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ նոր պատժամիջոցներին, Վաշինգտոնն էլ չի բացառում նոր հարվածները

Նոր սահմանափակումները վերաբերում են ոչ միայն իրանական ընկերություններին և պաշտոնյաներին։ Միացյալ Նահանգները զգուշացնում է նաև Իրանի հետ տնտեսական գործարքներ իրականացնող երրորդ երկրների բանկերին և ընկերություններին, որ կարող են դադարեցնել ֆինանսական գործարքները Իրանի հետ առնչության պատճառով։ Հատկապես թիրախում են մի քանի ոլորտ՝ նավթի առևտուրը և փոխադրումը, բանկային և կրիպտոարժույթով փոխանցումները, նավագնացությունը, ավիացիան, ոսկու և տեխնոլոգիաների ոլորտները։

Օգոստոսի 24-ին պատժամիջոցների տակ հայտնվեցին նաև ավելի քան 60 անձինք և ընկերություններ տարբեր երկրներից։ Պատժամիջոցների հրապարակված ցանկում Հայաստանի հետ առնչվող որևէ ընկերություն կամ անձ չկա։ Բայց, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները նաև Իրանի գործընկեր երկրներին է զգուշացնում հնարավոր երկրորդային պատժամիջոցների մասին, արդյո՞ք Հայաստանում մտահոգվելու առիթ ունեն։ Կառավարությունից և արտգործնախարարությունից այսօր հնարավոր չեղավ ճշտել՝ ամերիկյան գործընկերներից որևէ զգուշացում կամ ցուցում ստացե՞լ են Իրանի հետ առևտուրը սահմանափակելու մասով։

Իրանագետ, միջազգայնագետ Ալեն Շադունցն ասում է՝ Հայաստանի հետ Իրանի տնտեսական կապերը կամ առևտրաշրջանառությունը ծավալով այնքան խոշոր չեն, որ հայտնվեն Միացյալ Նահանգների մտահոգությունների տիրույթում։

«Քանի որ Հայաստանի մասնակցությունը այս առևտրաշրջանառության մեջ բավականին սահմանափակ է, ես չեմ կարծում, որ այս պատժամիջոցների նոր ալիքը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Մեր բախտը բերել է, որ մենք այս պահին այդքան կարևոր չենք այս մեծ աշխարհաքաղաքական պահպանման պայմաններում»,- ասում է իրանագետ Շադունցը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 770 միլիոն դոլար կամ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 3.6 տոկոսը: Բայց, չնայած, այս ոչ մեծ երկկողմ առևտրաշրջանառությանը Հայաստանի արտաքին առևտրի մոտ 20 տոկոսը, այսինքն՝ մոտ 1/5-րդն իրականացվում է հենց Իրանի տարածքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել». Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին

Հայաստանի և Իրանի միջև գործում է նաև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագիրը, որի ծավալները զգալի ընդլայնելու ցանկության և հնարավորության մասին կողմերը հայտարարեցին վերջերս՝ հուլիսին, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խոդաթյանը այցելեց Իրան։ Հունիսին էլ Իրանի փոխնախագահն էր Հայաստանում: Սյունիքում Հայաստանյան գործընկերների հետ ազդարարում էր Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը: Հյուսիս-հարավ ճանապարհի մաս համարվող թունելի շինարարական աշխատանքները իրանական ընկերությունն է իրականացնում։

Ալեն Շադունցն ասում է, որ Միացյալ Նահանգներում կա ըմբռնում, որ Հայաստանի համար Իրանի հետ առևտուրը և կապը կենսական նշանակություն ունեն։ Դա բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականին, երբ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել էր Երևան։ Այդ ժամանակ Փաշինյանը Բոլթոնին հայտնել էր, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Բոլթոնն իր հերթին ասել էր, որ Միացյալ Նահանգները հասկանում է Հայաստանի առանձնահատուկ իրավիճակ է։

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ կապված մեկ հարցում էր բավականին զգայունացրել, որ Իրանից Հայաստան նավթ չպետք է մտնի, ու այսօր էլ, եթե չեմ սխալվում, մենք տեսնում ենք, որ մասնավոր սեկտորների միջև ոչ մի օֆիցիալ կամ բաց ինչ-որ նավթափոխանակության շարժ չենք տեսնում։ Դա է եղել միակ նախապայմանը, երբ նույնիսկ յոթ տարի առաջ, երբ Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան, ինքը նշեց, որ նավթի արտահանման դիմաց ինքը ցանկանում է զրո տեսնել»,- նշում է իրանագետը:

Ուշագրավ է, որ այն օրը, երբ հայտնի դարձավ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին, Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ, իսկ այսօր նաև Տարածքային կառավարման փոխնախարարի։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ու համոզմունք է հայտնվել, որ քաղաքական երկխոսությունը պետք է վերածել շոշափելի տնտեսական արդյունքների։ Քննարկվել են նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարները և երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորությունները։

Իրանագետի խոսքով.- «Այստեղ հիմնական խնդիրը կարող է լինել դիզելի ու հեղուկ գազի հարցում, բայց արդեն այդտեղ էլ մեր կենտրոնական բանկը ինտենսիվ հաղորդակցության պետք է լինի իր Արևմտյան գործընկերների հետ, որպեսզի հասկանա, թե ինչն է թույլատրելի»։

Տարածքային կառավարման նախարարությունն էլ հայտնում է, որ քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը ու նաև Հայաստան-Իրան պետական սահմանին Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը։ Արդյո՞ք ամերիկյան պատժամիջոցների թեման քննարկվել է, թե ոչ, պետական գերատեսչությունները չեն բացահայտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով, Իրանը՝ ջախջախիչ պատասխանովԹրամփը Իրանին խստագույն պատժամիջոցներով է սպառնում, Թեհրանը հակադարձում է Բեսենթը Բահրեյնի ֆինանսների նախարարի հետ քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցներըՄեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող քայլերինՔաթարը չի միանա ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին