Երրորդ օրն է՝ Իսրայելը, ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են պատերազմը, որն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային հակամարտության. Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին, իսրայելական զինուժն էլ այսօր «լրացուցիչ լայնամասշտաբ հարվածներ» է հասցրել Թեհրանին։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ լրջորեն վնասվել է նահանգային արտակարգ իրավիճակների ծառայության շենքը, տուժել են նաև շտապօգնության աշխատակիցներ: Խորամաբադ քաղաքում իրանցի հինգ զինվոր է սպանվել: Այսօր կյանքից հեռացել է նաև Իրանի սպանված գերագույն առաջնորդի կինը, որը վիրավորվել էր նույն հարձակման ժամանակ:
Իրանի պատասխան հարվածներից տուժել է Իսրայելի հարավային Բեեր Շեբա քաղաքը, կա 19 վիրավոր:
Պայթյուններ են լսվել Բահրեյնում, Դուբայում, Կատարի մայրաքաղաք Դոհայում: Կատարը հայտնել է, որ Իրանը թիրախավորել է միջազգային օդանավակայանը, նաև հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքների, ինչի հետևանքով դադարեցվել է Ռաս Լաֆանի գործարանում հեղուկ գազի արտադրությունը: Դրանից հետո Եվրոպայում գազի մեծածախ գինը մոտ 50 տոկոսով բարձրացել է:
Կիպրոսում իրանական անօդաչուի հարվածից վնասվել է բրիտանական բազայի թռիչքուղին: Օմանը հայտնել է, որ նավթատար նավ է հարձակման ենթարկվել, կա մեկ զոհ:
Իսրայելը վաղ առավոտյան պատասխան հարված է հասցրել Լիբանանում գործող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտներին այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնեց Իսրայելի հյուսիսում հարձակման պատասխանատվությունը: Ըստ լիբանանյան կողմի՝ 31 մարդ է սպանվել, վիրավորվել է 149-ը:
Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ հարվածում են «Հեզբոլա»-ի օբյեկտներին ողջ Լիբանանի տարածքում, հարձակումը կտևի մի քանի օր, իսկ հարվածներն է՛լ ավելի կսաստկանան:
«Հեզբոլա»-ն երեկ գիշեր կրակ բացեց։ Այն շատ լավ գիտեր, թե ինչ է անում։ Մենք զգուշացրել էինք, որ դրա համար բարձր գին կվճարի։ Մենք պատրաստ ենք ... պատրաստ ենք բոլոր տարբերակներին՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման։ Բոլոր տարբերակները սեղանին են», - հայտարարել է Էֆի Դեֆրինը:
Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ գիշերը Բեյրութում սպանել են «Հեզբոլա»-ի հետախուզության շտաբի պետ Հուսեյն Մաքլեդին։ Պաշտպանության նախարարն էլ ասել է, որ հաջորդիվ կթիրախավորեն շարժման առաջնորդ Նաիմ Քասեմին: Բանակը Լիբանանի 18 քաղաքի տարհանման զգուշացում է տվել:
Լիբանանի վարչապետը «Հեզբոլա»-ի գործողություններն անօրինական է որակել և պահանջել է հանձնել զենքերը։
Իսրայելը նաև հայտնել է, որ Իրանի դեմ գործողության առաջին ալիքի ժամանակ սպանվել է Իրանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա։ Թեհրանը չի մեկնաբանել սա:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ կիրակի օրը հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հերքել է, թե Իրանի որևէ միջուկային օբյեկտ հարձակման է ենթարկվել:
«Մինչ օրս Իրանին սահմանակից երկրներում ճառագայթման մակարդակի՝ նորմայից ավելի բարձրացում չի հայտնաբերվել։ Առայսօր որևէ նշան չկա, որ Իրանի միջուկային կայանները վնասվել կամ հարձակման են ենթարկվել», - վստահեցրել է Գրոսին:
Իսկ ռազմական գործողությունների դադարի մասին առայժմ նշաններ չկան: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դրանք կշարունակվեն ողջ ուժով և կարող են տևել չորս շաբաթ: Ըստ Դոնալդ Թրամփի՝ դրանք կշարունակվեն այնքան, մինչև հասնեն իրենց բոլոր նպատակներին:
«Մենք հարվածել ենք հարյուրավոր թիրախների Իրանում, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին, իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին … Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են ողջ ուժով և կշարունակվեն մինչև մեր բոլոր նպատակներին հասնենք», - ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն, իր հերթին, ասել է, որ կհետապնդեն և կսպանեն ԱՄՆ քաղաքացիների մահվան համար պատասխանատուներին։
Փիթ Հեգսեթը նշել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ապա Իրանի անվտանգության ուժերին զգուշացրել է, որ լավ մտածեն իրենց հաջորդ քայլերի մասին։
Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ, քանզի Իրանը չի սկսել պատերազմը: Ալի Լարիջանին սոցցանցում գրել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի:
Իրանի արտգործնախարարն էլ պնդել է, որ Իրանն է որոշելու, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը: «Մեր մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները ոչ մի կերպ չեն ազդել պատերազմ վարելու մեր կարողության վրա», - սոցցանցում գրել է Աբբաս Արաղչին:
Երեկ էլ նա ասել էր, որ Իրանը «միշտ բաց է եղել դիվանագիտության համար», սակայն իրավունք ունի ինքնապաշտպանվել: Իրանցի պաշտոնյան Իսրայելին և ԱՄՆ-ին նաև զգուշացրել էր՝ այս պատերազմում հաղթողներ չեն լինի:
«Այս պատերազմում հաղթանակ չկա։ Նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին և չեն կարող հասնել իրենց նպատակներին առաջիկա օրերին։ Քանի դեռ շարունակում են, նրանք ոչնչի չեն կարող հասնել», - պնդել է Արաղչին:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ Իրանի դեմ գործողությունների ժամանակ զոհվել է չորս ամերիկացի զինծառայող, ևս հինգը՝ ծանր վիրավորվել, կան նաև թեթև վնասվածքներ ունեցողներ։
Իրանական կողմի զոհերի թիվը, ըստ Կարմիր մահիկի, անցել է 550-ը, հարձակման է ենթարկվել երկրի 131 շրջան։
Պարսից ծոցի երկրներով անցնող 3 հազար 400-ից ավելի թռիչք է չեղարկվել: Հորդանանը մասամբ փակել է իր օդային տարածքը:
Իսկ Հորմուզի նեղուցով մատակարարումների ընդհատման պատճառով նավթի գները կտրուկ աճել են: Brent տեսակը թանկացել է առնվազն 13 տկոսով՝ հասնելով 82 դոլարի մեկ բարելի դիմաց:
Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկա Aramco-ն անօդաչուի հարվածից հետո ժամանակավորապես փակել է իր նավթավերամշակման գործարաններից մեկը, տարհանել աշխատակիցներին:
Ի դեպ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտնեց, որ առավոտյան Քուվեյթի զինուժը սխալմամբ ամերիկյան երեք կործանիչ է խոցել, անձնակազմը փրկվել է, հանգամանքները պարզվում են: