Իրանի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Ջաֆար Փանահիին

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահի, արխիվ

Թեհրանի հեղափոխական դատարանը իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին հինգ տարի մեկ ամսվա ազատազրկման դատապարտել՝ գույքի բռնագանձմամբ: Այս մասին հաղորդել է իրանական Emtedad լրատվական գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին: Դատարանը նաև արգելել է ռեժիսորին դուրս գալ Իրանից և օգտվել սոցիալական ցանցերից:

Ըստ փաստաբանի՝ դատավճիռը կայացվել է հեռակա, Փանահին տեղեկացել է դրա մասին, երբ կալանք է դրվել նրա հաշիվների վրա: Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում: Նիլիի տվյալներով՝ իր պաշտպանյալի նկատմամբ այժմ ևս երեք քրեական գործ կա հարուցված: Ինքը Փանահին արտերկրում է:

Իրանում Ջաֆար Փանահիի նկատմամբ արդեն մի քանի դատավճիռ է կայացվել: 2010 թվականին նրան մեղադրել են «հակակառավարական գործունեության» մեջ՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Դատարանը ռեժիսորին դատապարտել է վեց տարվա ազատազրկման, սակայն բանտում երկու ամիս անցկացնելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Փանահիին արգելվել է լքել երկիրը, նկարահանել ֆիլմեր կամ դրանց սցենարներ գրել: 2022-ին ռեժիսորին կրկին դատապարտել են, նա բանտից դուրս է եկել 2023-ի սկզբին:

Ջաֆար Փանահին մի շարք հեղինակավոր մրցանակների՝ «Ոսկե արմավենու ճյուղի», «Ոսկե արջի» և «Ոսկե առյուծի» դափնեկիր է: Նրա «Տաքսի» ֆիլմը 2015-ին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի Գրան պրիին, «Երեք դեմք» կինոնկարը 2018-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին լավագույն սցենարի համար, «Պարզ պատահականություն» ֆիլմը անցած տարի ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակը և նոմինացվել էր «Օսկար» երկու մրցանակների համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես ընտրել եմ չենթարկվելու ճանապարհը». Ջաֆար Փանահին՝ Երևանում«Ոսկե ծիրանի» առաջին արցունքներն ու ժպիտները՝ բացման արարողության ժամանակ 14 տարվա անազատությունից, երկիրը չլքելու արգելքից հետո Երևան ժամանեց Ջաֆար ՓանահինԱշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԱշխարհահռչակ իրանցի կինոբեմադրիչ Փանահին գրավի դիմաց դուրս եկավ բանտից