Տարածաշրջանի երկրների՝ ԱՄՆ-ի նկատմամբ ընկալումը փոխվել է. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը նշան է, որ տարածաշրջանի երկրների՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ընկալումը փոխվել է։

«Տարածաշրջանի երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը կարելի է գնել կեղծ միջնորդներից», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին, որը պայմանագիրը ստորագրած երեք երկրների դաշնակիցն է։

«Տարածաշրջանի երկրներն այլևս չեն կարող, ինչպես նախկինում, հենվել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անվտանգության մասին պնդման վրա», - հավելել է Բաղային՝ նշելով, որ Իրանը մտահոգված չէ, թե պայմանագիրը կարող է ուղղված լինել Թեհրանի դեմ՝ ընդգծելով Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ Իրանի խորը կրոնական, պատմական և քաղաքակրթական կապերը։

Երեք երկրները համաձայնագիրը ստորագրել են ուրբաթ օրը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հինգ ամիս տևող պատերազմի ֆոնին։

Հակամարտության մեջ ներգրավվել են նաև տարածաշրջանի այլ երկրներ, իսկ դրա հետևանքով խափանվել են տարածաշրջանային ծովային հաղորդակցության ուղիները։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ օրը հայտարարել էր՝ համաձայնագրով նախատեսվում է, որ անդամներից որևէ մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր անդամների վրա։ Նախարարությունը հավելել է, որ պայմանագիրը նպատակ ունի ամրապնդել հավաքական զսպման կարողությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան ակնկալում է, որ Եգիպտոսը կմիանա պաշտպանական համաձայնագրին