Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ Իրանի դեմ։ Սակայն նա նշել է, որ տեխնիկապես այն նույնն է, ինչ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսված փոխադարձ պաշտպանության պայմանագիրը, որի համաձայն՝ մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը հավելել է, որ համաձայնագրին, որը երեք երկրների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ղեկավարները ստորագրել էին ուրբաթ օրը, հետագայում կարող են միանալ նաև Եգիպտոսը և այլ երկրներ, երբ մի շարք տեխնիկական հարցեր լուծվեն։
«ՆԱՏՕ-ն հսկայական ռազմական դաշինք է, որի կազմում 32 երկիր կա։ Մենք այստեղ սկսել ենք որպես երեք երկիր, և պետք է շատ համեստ, բայց կոնկրետ քայլեր կատարենք», - ասել է Ֆիդանը:
Թուրք պաշտոնյան պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը հայտնել է, որ կստեղծվի ՆԱՏՕ-ի դաշինքում գործող նմանատիպ նախարարների կոմիտե, ինչպես նաև ընդհանուր քարտուղարություն, որը տեղակայված կլինի Սաուդյան Արաբիայում։
Ֆիդանը չի մանրամասնել, թե ինչ հարցեր պետք է լուծվեն, որպեսզի ճանապարհ բացվի Եգիպտոսի՝ այդ համաձայնագրին միանալու համար։
Համաձայնագրի նախնական հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությունը նշել է, որ «համաձայնագիրը չի հակասում Թուրքիայի՝ արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային դաշինքների շրջանակում ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի առանցքային պարտավորություններին»։ Թուրքիան արևմտյան ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ է։
«Համաձայնագիրը առանձնահատուկ կարևորություն ունի՝ հաշվի առնելով տարածաշրջանի առջև ծառացած աճող մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնցից գլխավորներն են ահաբեկչական հարձակումները, զենքի մաքսանենգությունը, ինչպես նաև հարևան երկրների և միջազգային ծովային ուղիների դեմ ուղղված սպառնալիքները», - հավելել է նախարարությունը։
Սա տեղի է ունենում Մերձավոր Արևելքում աճող անորոշության պայմաններում, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առճակատման ավարտը դեռևս հստակ չէ: