Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երեկ երեկոյան հարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավի, երբ այն փորձել է «ապօրինաբար անցնել» Հորմուզի նեղուցով, հայտնում է Al Jazeera-ն։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ հարվածից հետո նավը հրդեհվել է և կանգ առել։ ԻՊՀԿ-ն պնդել է, որ տանկերը փորձել է հատել ջրային ճանապարհը այն բանից հետո, երբ տրվել է ԱՄՆ զինվորականների «սադրանքին» և «խաբվել»։
Կորպուսը հայտարարել է, որ իր նավաստիները շարունակում են վերահսկել ռազմավարական նշանակության այս ուղին և «թույլ չեն տա որևէ ագրեսորի անցնել դրանով»։
«Հորմուզի նեղուցով անօրինական անցումը ոչնչի չի հանգեցնի, բացի խախտող նավի ոչնչացումից», - ըստ Իրանի IRNA լրատվական գործակալության՝ ասվում է ԻՊՀԿ-ի տարածված հայտարարությունում:
Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սանձազերծած պատերազմից հետո Թեհրանը հայտարարել է, որ փակում է Հորմուզի նեղուցը «ոչ բարեկամական» երկրների համար: Այս ընթացքում տասնյակ նավեր են հարձակման ենթարկվել:
Պատերազմի ընթացքում Թեհրանը ստեղծել է Պարսից ծոցի նեղուցի վարչություն, որը համակարգում է նեղուցով անցումը: Այս մարմինը վերջերս հրապարակել է 77 նավի նոր ցուցակ՝ պնդելով, որ դրանք խախտում են նեղուցով անցնելու՝ Իրանի սահմանած կարգը:
ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց հերթին շրջափակում են սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ և պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն նաև պնդում է, որ իր ռազմածովային ուժերի ուղեկցությամբ նավերն անցնում են Հորմուզը:
ԱՄՆ-ն և Իրանը հունիսին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին հրադադարը, ինչից հետո կողմերը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հայտնել է, որ մեկ օրում ամերիկյան 2-րդ MQ-1 անօդաչուն է խոցել ՀորմուզումՀորմուզի հարցով Օմանում այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել էՀորմուզում արկը իրանական նավի է հարվածել, 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակը