Իրան–ԱՄՆ բանակցություններից առաջ Ժնևում հանդիպել են Աբբաս Արաղչին և Ռաֆայել Գրոսին

Իրանի արտգործնախարարն այսօր Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագրին առնչվող հարցեր:

Հանդիպումը, որից մանրամասներ դեռ չեն հաղորդվում, տեղի է ունենում Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից մեկ օր առաջ՝ լուծելու միջուկային ծրագրի շուրջ վեճը և կանխելու հնարավոր պատերազմը:

Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ սպառնալիքներն Իրանին չեն վախեցնի. «Ես Ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնագրի հասնելու իրական գաղափարներով։ Սպառնալիքներին ենթարկվելը չի քննարկվում»:

Անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծեցին Իրանի հիմնական միջուկային օբյեկտները, գործակալությունն Իրանին կոչ է արել թույլ տալ մուտք գործել այդ օբյեկտներ՝ գնահատելու վնասը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային IRNA գործակալությանն ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը «կարևոր դեր» կխաղա Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցություններում:

Իրանը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում

Ժնևում վաղվա հանդիպումից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղով է անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը և որտեղ ԱՄՆ-ն արդեն մի քանի շաբաթ մեծ ուժեր է կուտակել՝ Իրանին սպառնալով ռազմական գործողություններով, եթե գործարքի չգնա:

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:

Մինչ այդ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է փոխզիջումների՝ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար, եթե Վաշինգտոնն էլ պատրաստ լինի քննարկել պատժամիջոցները վերացնելու հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների, եթե ԱՄՆ-ը քննարկի պատժամիջոցների վերացման հարցը. ԱԳ փոխնախարար

BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ-Ռավանչին շեշտել է՝ Թեհրանը միակողմանի զիջումների չի գնա և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է, որը պետք է ապացուցի, որ ցանկանում է գործարք կնքել. «Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր միջուկային ծրագրին վերաբերող այլ հարցեր, եթե նրանք ևս պատրաստ լինեն խոսել պատժամիջոցների մասին: Քանզի այդ ապօրինի պատժամիջոցները ևս պետք է լինեն բանակցությունների սեղանին»:

«Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար»

Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի փոխտնօրենն էլ հայտարարել է, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ այնպիսի համաձայնության, որը տնտեսապես շահավետ կլինի երկու կողմերի համար: Եվ որպեսզի համաձայնագիրը երկար տևի, կարևոր է, որ ԱՄՆ-ն ևս օգուտ ստանա այն ոլորտներում, որոնք արագ և բարձր եկամտաբերություն ունեն, ասել է Համիդ Ղանբարին:

«Բանակցություններում ներառված են նավթի և գազի հանքավայրերի ... հանքարդյունաբերության մեջ ներդրումների և նույնիսկ ինքնաթիռների գնման ոլորտում ընդհանուր շահերը»,- Fars գործակալությանն ասել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ խաղաղ նպատակներով է հարստացնում ուրանը: Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցություններ, որոնց զուգահեռ ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել, ինչը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, վկայում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:

«Դժվար է Իրանի հետ գործարք կնքել, սակայն մենք փորձելու ենք». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Բուդապեշտում հայտարարել է, որ չնայած Իրանի հետ դժվար կլինի գործարք կնքել, Վաշինգտոնը, այդուհանդերձ, փորձելու է:

«Մենք պետք է հասկանանք, որ Իրանը վերջին հաշվով, ղեկավարում են շիա արմատական հոգևորականներ։ Այս մարդիկ քաղաքական որոշումներ են կայացնում բացառապես աստվածաբանության հիման վրա։ Այնպես որ, դժվար է Իրանի հետ գործարք կնքել, սակայն մենք փորձելու ենք», -ասել է Ռուբիոն։

Նեթանյահուն թերահավատ է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել

Իսրայելի վարչապետն էլ երեկ հայտնել է, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ասել է՝ Իրանի հետ ցանկացած գործարք պետք է ներառի Իրանի միջուկային ենթակառուցվածքների ապամոնտաժումը, այլ ոչ թե միայն ուրանի հարստացման դադարեցումը։

Բենյամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին նաև ասել է, թե թերահավատ է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել, քանզի չի վստահում նրանց. «Նրանք ստում են և խաբում։ Բայց ես ասացի՝ եթե համաձայնության պետք է հասնել, ապա այն պետք է ունենա մի քանի բաղադրիչներ, որոնք, մեր կարծիքով՝ կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի անվտանգության համար»։

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանում ռեժիմի փոփոխությունը «լավագույն բանը կլինի, որ կարող է պատահել» այդ երկրում, քանզի մի քանի տասնամյակի ընթացքում իշխանությունների բռնաճնշումների հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել: Սպիտակ տան ղեկավարը, սակայն չի նշել, թե ով կարող է ղեկավարել Իրանը ռեժիմի տապալվելու դեպքում, միայն նշել է, թե «կան նման մարդիկ»։