Իրաքը ՖԻՖԱ-ին խնդրել է հետաձգել Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումը Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։
Իրաքի ազգային հավաքականը դիմել է ֆուտբոլի ղեկավար մարմնին` խնդրելով այլընտրանքային լուծում գտնել այս ամսվա վերջում նախատեսված Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղի համար: Իրաքը մարտի 31-ին Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում պետք է խաղա Սուրինամ-Բոլիվիա դիմակայության հաղթողի հետ՝ փորձելով ապահովել մասնակցությունն իր առաջին Աշխարհի առաջնությանը1986 թվականից հետո։
Սակայն Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը խառնաշփոթ է առաջացրել թիմի նախապատրաստական աշխատանքներում։
Երկրի օդային տարածքը նախատեսվում է վերաբացել միայն ապրիլի 1-ին, ինչի հետևանքով Բաղդադում գտնվող հավաքականի կեսը չի կարողանում լքել երկիրը։ Միևնույն ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը գտնվում է Դուբայում և չի կարողանում վերադառնալ թիմի մոտ։
The Guardian-ի տվյալներով՝ Իրաքը պաշտոնապես խնդրել է ՖԻՖԱ-ին հետաձգել հանդիպումը՝ մերժելով ֆեդերացիայի առաջարկը, ըստ որի թիմը պետք է 25-ժամյա ավտոճանապարհով հասներ Թուրքիա, ապա այնտեղից թռչեր Մեքսիկա՝ խաղին մասնակցելու համար։
Թերթը նաև հայտնում է, որ Իրաքի մի շարք ֆուտբոլիստներ և թիմի անձնակազմի անդամներ դեռևս չեն ստացել մուտքի վիզաներ Մեքսիկա կամ ԱՄՆ, որտեղ նրանք ծրագրել էին մարզական հավաք անցկացնել Հյուսթոնում։
ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան համատեղ հյուրընկալելու են Աշխարհի առաջնությունը, որը սկսվելու է հունիսի 11-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կլինի, եթե Իրանը բաց թողնի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. երբ սպորտը բախվում է քաղաքականությանը