Իրաքում հրթիռը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը

Իրան - Կրակ և ծուխ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տանիքին, 14-ը մարտի, 2026թ.

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչից հետո շենքից ծուխ է բարձրացել։

Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը Al Jazeera-ին հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է իր հակաօդային պաշտպանության համակարգի մի մասը։ Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդել։

Associated Press-ն էլ դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հղումով հայտնում է, որ հրթիռը հարվածել է դեսպանատան ուղղաթիռի վայրէջքի հրապարակին։

ԱՄՆ դեսպանատունը գտնվում է Բաղդադի Կանաչ գոտում, որը քաղաքի կենտրոնական մասում տեղակայված և ուժեղ ամրացված թաղամաս է։ Այստեղ են գտնվում Իրաքի կառավարական հաստատությունները և օտարերկրյա դեսպանատները, հավելել են անվտանգության աշխատակիցները, որոնք չեն ներկայացել։

ԱՄՆ դեսպանատնից անմիջապես մեկնաբանություն չի եղել։ Դեռ չի հաղորդվում, թե արդյոք հարձակման հետևանքով կան զոհեր։ Հասցված վնասի ճշգրիտ չափը ևս հայտնի չէ։

«Սակայն մենք հասկանում ենք, որ Իրաքում Իրանի հետ կապված զինված խմբավորումները միշտ խոստացել են հարձակվել ամերիկյան օբյեկտների, մասնավորապես՝ դեսպանատան վրա», - ասել է Բաղդադում Al Jazeera-ի թղթակից Մահմուդ Աբդելվահեդը։

Ըստ նրա՝ այդ խմբերը ցանկանում են վրեժ լուծել Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության համար։

«Իրականում, երեկ նրանք հայտարարություն տարածեցին, որով 100 հազար դոլար պարգևատրում են խոստանում յուրաքանչյուրին, ով տեղեկություն կտրամադրի, որը կհանգեցնի երկում գտնվող ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի հայտնաբերմանը», - ասել է նա՝ հավելելով, որ անձնակազմի որոշ անդամներ «ապաստան են գտնում քաղաքացիական տներում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարվածներ Խարգ կղզու ռազմական օբյեկտներին, Իրաքում ԱՄՆ դեսպանատանը, երեք երկրում ԱՄՆ բազաներին