«Իր որևէ որոշում մեր համար այլևս լեգիտիմ չի». կարգալույծ հռչակված եպիսկոպոս Սարոյան

Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը զրուցում է «Ազատության» հետ, Արտաշատ, 2-ը փետրվարի, 2026թ.

Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ արված ու կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը, եպիսկոպոսական սքեմ է կրում և նստած է Մասյացոտնի թեմի առաջնորդի սենյակում:

«Ձեզ եպիսկոպոս ու թեմի առաջնորդ համարո՞ւմ եք», - «Ազատության» այս հարցին արձագանքեց ծիծաղով. - «Լավ, ասեք, ուզում եք ասե՞մ. մենք հայտարարություն ունենք տարածած, որ իր որևէ որոշում մեր համար այլևս լեգիտիմ չի: Թող օրը 24 անգամ ինձ կարգալույծ անի, եթե էդ իրեն կմխիթարի: Էս էն դեպքը չի, որ իր ուզածով, կամայականությամբ, չգիտեմ, բռնությամբ ու ուժով պիտի հարց լուծի, էդ դեպքը չի: Իմ համար գաղափարական պայքար է, իմ համար մեկ է էս ամեն ինչը»:

Եպիսկոպոսական ժողովը, որ պիտի այս ամսվա կեսին հրավիրվեր Ավստրիայում, տապալվում է ... Շաբաթ օրը հերթով Քննչական կոմիտեի շենք մտան վեց եպիսկոպոսներ, թարմ մեղադրյալներ, բոլորը՝ հանրապետությունից չբացակայելու խափանման միջոցներով:

«Սա, այո, Եպիսկոպոսաց ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին, ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն և մասնակցեն այդ ժողովին», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Քրեական այս մի պատմության առանցքում հենց Սարոյանն է, նա դատարան էր դիմել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով, դատարանը բավարարել էր, բայց Մայր Աթոռը նրա տեղում այլ հոգևորականի էր նշանակել: Ավելին՝ Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովում մասնակից եպիսկոպոսներն առաջարկել էին Կաթողիկոսին կարգալույծ անել Գևորգ սրբազանին, և այդպես էլ եղավ: Ու չուշացավ քրեական վարույթը՝ Հոգևոր խորհրդի անդամները դատական ակտը չեն կատարել, մեղադրյալներ են:

«Այդ քրեական վարույթի նախաձեռնմամբ, ըստ էության, իրավաբանությունը կարելի է համարել ավարտված Քննչական կոմիտեում», - պնդեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Քննչական հրավիրված հոգևորականների փաստաբանները պնդում են՝ ներեկեղեցական հարցերը աշխարհիկ դատարանով լուծելու այս աննախադեպ իրադարձությունը արկածախնդրություն է, չտեսնված միջամտություն եկեղեցու ինքնակառավարմանը:

«Եթե կամայականորեն է կառավարվում, ես ո՞ւր դիմեմ, չեք ասի՞ ինձ, ո՞ւր դիմեմ: Այսինքն՝ էն մնացածի, հարյուր քանիսի պես, որ զոհվել են, ես էլ զոհվե՞մ: Հանուն ինչի՞՝ հանուն կամայականությա՞ն, ու թույլ տամ, որ Հայ եկեղեցին դառնա քաղաքական ուժերի ձեռքին խաղալի՞ք, հա՞, կամ օտար շահերի ծառայի՞, համակերպվեմ դրա հե՞տ: Չե՛մ համակերպվելու». - Սարոյանը զոհվելը նկատի ունի որպես եպիսկոպոս զոհվել, այսինքն՝ հոգևորականի կարգից զրկվելը: Կարծում է, որ թեպետ որպես թեմի առաջնորդ աշխատանքային պայմանագիր Մայր Աթոռի հետ չուներ, բայց այս վեճը կարող էր դատարան հասցնել. - «Թող էդ պայմանագիրը լիներ, էդ նշանակում է՝ ես պիտի զոհվե՞մ»:

Շեշտում է՝ դատարան է դիմել, որովհետև եկեղեցական ատյանները սպառված են, Կաթողիկոսը, ասում է, դեռ պետք է պատասխանի իրենց՝ տասը եպիսկոպոսների հրապարակած մեղադրանքներին. ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող սեռական սկանդալից հետո:

«Հրաժարականի պահանջ ենք ներկայացնում, ինքը ինձ նամակ է գրում, որ ուզում է հանդիպել: Իմաստը, հրաժարականի պահանջ կա, նախ հերքի մեղադրանքները, ես քո հետ ի՞նչ հանդիպեմ», - ասում է կարգալույծ հռչակված եպիսկոպոսը:

Ըստ եկեղեցական կանոնադրության՝ Վեհափառը թեմի առաջնորդին կարող է պաշտոնից հետ կանչել, նշված է՝ անհրաժեշտության պարագային: Նույն կանոնադրության մեկ այլ հոդվածով՝ Մայր Աթոռի միաբանը եթե անկարգ ընթացքի մեջ է, Վեհափառից նախ բանավոր նկատողություն է ստանում, եթե անկանոն ընթացքը շարունակվում է, նկատողությունը դառնում է գրավոր, եթե անկարգը համառ է, նա պաշտոնազրկվում կամ ժամանակավոր փիլոնազրկվում է: Ծայրահեղ պարագայում Հայրապետը տնօրինում է կարգազրկումը, ասված է փաստաթղթում:

«Ես որևէ նկատողություն չունեմ, որևէ ձևով: Տեսեք՝ հենց ես խոսեցի, հենց ասեցի՝ սա սխալ է, ես դարձա բռնարա՞ր, հա՞: Էդ ո՞նց», - ընդգծում է Սարոյանը:

Նա առաջարկում է նույն փաստաթղթի նախաբանին նայել. այստեղ նշված է՝ եկեղեցու դավանությունն ու վարդապետությունը տիեզերական ժողովների ու հայրերի հաստատած կանոնների վրա է հիմնվում, իսկ ըստ այդ կանոնների եպիսկոպոսական աստիճանից զրկվում են միայն եպիսկոպոսական ժողովի որոշմամբ: Ստացվում է՝ եկեղեցու կանոնադրությունն ու հնագույն կանոնագրքերը հակասո՞ւմ են միմյանց:

«Ամբողջ պատասխանատվությունը Հայոց Հայրապետի ձեռքն է, և նշանակումներն էլ Հայոց Հայրապետի ձեռքում է». - մեղադրյալ եպիսկոպոսներից Մակար սրբազանը պնդում է՝ այնուամենայնիվ, միանձնյա որոշում չի եղել՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներով են առաջարկել: Իսկ այս մարմինը Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները լեգիտիմ չեն համարում, որովհետև կազմը պիտի թարմացվեր դեռ հինգ տարի առաջ:

Վեհափառի տնօրինած որոշումը դատարան տանելը մեղադրյալներն իրենք չեն ընկալում:

«Ես ուխտ եմ արել, Իջման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել, և Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով», - հայտարարում է Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

«Մեր ուխտը մեր հավատքին ու հայրենիքին է վերաբերում, ոչ թե անձերի, էլ չեմ ասում՝ շեղված անձի», - պնդում է կարգալույծ հռչակված եպիսկոպոս Սարոյանը:

Ընդամենը երկու ամիս առաջ Վեհափառի հանդեպ հավատարմության անսասան ուխտի մասին էր խոսում Գևորգ սրբազանը: Հիմա պնդում է՝ հետո հասկացավ, որ եկեղեցին օտարին է ծառայում ու քաղաքականության մեջ է ներքաշված: Իսկ իշխանությունը ներքաշվա՞ծ է եկեղեցական առօրյայի մեջ, այն էլ՝ ուժայինների ակտիվ ներգրավմամբ:

«Պետությունը իրավունք չունի թողնելու՝ 1700-ամյա ինստիտուտը ծառայեցնեն օտար շահերի», - ընդգծում է Սարոյանը:

Քաղաքապետ կա՝ ինքն է որոշում, թե որ քահանան խորան բարձրանա, գյուղապետ, որ եկեղեցու քահանային հորդորում է հեռանալ, ԱԱԾ-ական, որ հոգևորականին համոզում էր շրջանցել Վեհափառի անունը: Ինչո՞ւ է եկեղեցու բարենորոգման հարցը ներթափանցել բոլոր ոլորտներ:

«Որևէ մի դեպքում ես ներկա չեմ եղել», - վստահեցնում է Սարոյանը:

Ինքն ու Մասյացոտնի թեմի առաջնորդարանի տարածքը ուժայինների հսկողության տակ են, սրա բացատրությունը Սարոյանն ունի. - «Իմ ամբողջ ընտանիքը տեռորի է ենթարկվում, անգամ տաս տարեկան իմ եղբոր աղջկան, որը Մոսկվայի եկեղեցու դպրոցում է սովորում, հանել են դպրոցից»:

Ճնշումների մասին են խոսում երկու կողմերն էլ, եպիսկոպոսական ժողովը տապալված է, հայտնի չէ՝ հեռավար ձևաչափով այն կկայանա՞, թե՞ ոչ, արդեն եկեղեցիներն են բաժանվում Կաթողիկոսին պաշտպանող ու նրա հեռացումը պահանջող թևերի միջև: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին, օրինակ, Սարոյանի տիրապետության տակ է, բայց ինքն էլ Մայր Աթոռ գնալ չի կարող. - «Շատ եմ ուզում գնալ, բայց... ի՞նչ ասեմ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք հոգևորականներին՝ Ավստրիայի Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ. արգելվել է լքել երկիրըՄայր Աթոռը դատապարտում է «իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին»Քրեական նոր վարույթ Հայ Առաքելական եկեղեցու դեմԿարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըՄայր Աթոռը զրկեց Գևորգ Սարոյանին եպիսկոպոսական կարգից«Բարերարն ասաց՝ եկեղեցին իրենն է, հանձնեմ բանալիները». ինչ է պատմում Ոսկետափի քահանանԾանր օրեր են քահանաների համար, հատկապես Մասյացոտնի թեմում Եպիսկոպոսաց ժողովը՝ դրսում. Մայր Աթոռը խոսում է հնարավոր ճնշումների մասին, իշխանությունը՝ հերքում