Ինչու է քաղաքապետարանը պատից մաքրել զոհված զինվորների դիմանկարները

44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը Տնտեսագիտական համալսարանի անցումի պատից ջնջել է քաղաքային իշխանությունը:

Հայկազ Մկրտչյանի դիմանկարը Տնտեսագիտական համալսարանի անցումի պատին էր 2021 թվականից։ Մայրը օրեր առաջ անցնելիս նկատել է, որ որդու նկարը մաքրել են. «Իրենք ուզում էին ջնջել ամեն ինչը, ինչը որ կապված է Արցախից, անգամ ամենաչերևացող թելերով»:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ազատությանը» պարզաբանեցին՝ անցումը բարեկարգելու շրջանակում են մաքրել պատերը ու նաև 44-օրյա, քառօրյա պատերազմներում զոհված Հայկազի, Ռոբերտ Աբաջյանի դիմանկարները։

Քաղաքապետարանի պարզաբանումը չի համոզում որդեկորույս մորը։ Փոշու, աղբի ու խցանումների քաոսի մեջ խեղդված քաղաքի գլխավոր հարցը անցումի պատե՞րն էին, հարցնում է Աննա Մկրտչյանը։ Միտումնավոր են մաքրել, պնդում է նա։ Արցախի ու Արցախյան պայքարի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին է հղում անում։

Փաշինյանը Արցախի էջը փակված է համարում, Ղարաբաղյան շարժման մասին հայտարարությունները՝ պատերազմի վտանգ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ». Փաշինյան

Ջնջել են նաև քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը, որ Երևանի պետական համալսարանի անցումի պատին էր։ Քաղաքապետարանից չեն ժխտում, որ կշարունակեն մաքրել պատերազմում ընկածների դիմանկարները, եթե բարեկարգման ծրագիրը հասնի այդ հատվածներին։

Այս անցումներում Արցախյան պատերազմում զոհվածների նկարներ էլի կան։ Քաղաքային իշխանության լվացող մեքենան այստեղ դեռ չի հասել։ Երևանի կենտրոնի շենքերից մեկի որմնանկարն էլ դեռ պահպանվում է։

Եթե միտում չկա, ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանից ու պատերը մաքրելու հետևանքով են ջնջվում նկարները, ինչո՞ւ նորից չեն նկարում։ Լրատվական ծառայությունից ասացին՝ ով ցանկանում է, կարող է դիմել թույլտվության համար։

44-օրյա պատերազմում զոհվածների ստույգ թիվն ու անունները մինչև հիմա չեն հրապարակել, դառնանում է որդուն կորցրած մայրը: 19-ամյա Հայկազ Մկրտչյանը պատերազմի թեժ օրերին Արցախի սարուշենում է վիրավորվել՝ անօդաչու թռչող սարքի հարվածից ու մահացել պատերազմի վերջին օրը՝ զորացրվելուց 100 օր առաջ: