Ինչո՞ւ էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենն այցելել Մոսկվա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը, արխիվ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը երեկ Մոսկվա կատարած այցի ժամանակ չի հանդիպել նախագահ Պուտինի հետ, սակայն շփումներ է ունեցել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, հայտնել է Կրեմլի խոսնակը:

Ջոն Ռաթքլիֆի չհայտարարված այցի մասին այլ մանրամասներ Դմիտրի Պեսկովը չի հայտնել, միայն ասել է, որ այցի նպատակն էր կապեր հաստատել երկու երկրների «հետախուզական գործակալությունների միջև»: Նա նաև դրական է գնահատել ամերիկացի պաշտոնյայի այցը:

«Հետախուզական ծառայությունների միջոցով շփումներն ինքնին դրական զարգացում են։ Նման շփումները հաճախ շարունակվում են նույնիսկ երկկողմ հարաբերությունների ամենադժվար պահերին: Սակայն դեռ վաղ է ասել, թե ինչպես սա կանդրադառնա խորը ճգնաժամից մեր հարաբերությունները դուրս բերելու գործընթացի վրա»,- ասել է Պեսկովը:

Ի՞նչը կարող էր Ջոն Ռատքլիֆին բերել Մոսկվա

Ու մինչ պաշտոնական տեղեկություն չկա, թե կոնկրետ ում է հանդիպել ԿՀՎ տնօրենը և ինչ է քննարկել, լրատվամիջոցներն ու վերլուծաբանները տարբեր վարկածներ են քննարկում, թե ինչը կարող էր Ջոն Ռատքլիֆին բերել Մոսկվա հենց այս՝ բավականին լարված ու զգայուն փուլում:

«Ազատության» Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն հիշեցնում է, որ ԿՀՎ տնօրենը վերջին անգամ Ռուսաստան էր այցելել 2021-ի նոյեմբերին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից երեք ամիս առաջ: ԿՀՎ այն ժամանակվա տնօրեն Ուիլյամ Բըրնսը հանդիպել էր նաև նախագահ Պուտինի հետ:

ԱՄՆ-ում գործող «Սարատոգա հիմնադրամ» վերլուծական կենտրոնի նախագահ, Ռուսաստանի հարցերով փորձագետ Գլեն Հովարդը «Ազատությանն» ասել է, որ եթե նման պաշտոնյա է այցելում Մոսկվա, ապա կարևոր հարցեր կան:

Փորձագետի խոսքով.- «ԿՀՎ տնօրենները Մոսկվա չեն գնում, եթե դա ինչ-որ բան խնդրելու համար չէ: Նրանք չեն հասնում Ռուսաստան, եթե դա կարևոր չէ: Բըրնսը գնացել էր 2021-ի նոյեմբերին՝ ռուսական ներխուժումից առաջ, որպեսզի նրանց զգուշացնի չներխուժել Ուկրաինա»:

Ըստ «Ազատության» թղթակցի՝ Ռատքլիֆի այցի պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնը ցանկանում է հասկանալ՝ արդյոք Մոսկվային դեռ կարելի է համոզել, որ բանակցությունների նստի ռուս - ուկրաինական պատերազմն ավարտելու շուրջ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս:

Ի դեպ, Ուկրաինան օրերս հայտարարեց, որ ԱՄՆ-ին և ԵՄ-ին է ներկայացրել պատերազմի դադարեցման իր մեկ էջանոց ծրագիրը, որպեսզի այն փոխանցվի Ռուսաստանին:

Վաշինգտոնում գտնվող Ռազմական և քաղաքական ազդեցության կենտրոնի ավագ տնօրեն Բրեդլի Բոումանը կարծում է, որ ԿՀՎ տնօրենը Մոսկվայից պետք է պահանջեր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և հասկացներ, որ հակառակ դեպքում ավելի ցավոտ միջոցներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ:

Ռատքլիֆի այցի մեկ այլ պատճառ կարող է լինել ԱՄՆ-Իրան արդեն վեց ամիս շարունակվող պատերազմը: «Հուսով եմ՝ նա նաև ասել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի Իրանին արբանյակների արձակման հարցում օժանդակելը»,- ասել է Բոումանը: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է դադարեցնի Թեհրանին տրամադրել աջակցություն, որը կարող է օգնել՝ թիրախավորելու նաև ամերիկյան ուժերին:

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել լուրերին, որ Մոսկվան Ուկրաինայում պատերազմի արդյունքում մշակված տակտիկայի, մարտավարության մասին տվյալներ է տրամադրել Թեհրանին, ինչի շնորհիվ Իրանը կարողացել է դիմակայել ամերիկյան զինուժին և դիվանագիտական ճնշմանը:

Գլեն Հովարդն իր հերթին ասել է, որ Ռատքլիֆի այցը նշանակալի է նաև նրանով, որ նա Ռուսաստանի հարցում կոշտ դիրքորոշում ունի: Նա նախկինում պնդում էր, որ ԿՀՎ խորհրդականները մնան Ուկրաինայում՝ հետախուզության և թիրախավորման հարցերում օգնելու նպատակով նույնիսկ այն ժամանակ, երբ Պենտագոնը կրճատում էր այնտեղ իր ներկայությունը։ Դա, ըստ Հովարդի՝ ենթադրում է, որ Ռատքլիֆը սերտ կապեր ունի Թրամփի հետ։ «Նախագահը լսում է նրան ու արժևորում նրա խորհուրդները»,- ասել է Հովարդը։

Կա նաև տեսակետ, որ այցի նպատակներից մեկը կարող է լինել Ռուսաստանում բանտարկված ամերիկացիների ճակատագրի հարցը: ԿՀՎ-ն զգալի դեր է խաղացել ամերիկացի բանտարկյալների ազատ արձակումն ու վերադարձն ապահովելու նախորդ փորձերում, այդ թվում՝ 2024-ին, երբ ազատ արձակվեցին Wall Street Journal-ի և «Ազատության» լրագրողները:

«ԱՄՆ կառավարության ցանկացած պաշտոնյա, որը բանակցում է որևէ երկրի հետ, որն ապօրինաբար կալանքի տակ է պահում ԱՄՆ քաղաքացիների, լուրջ պատասխանատվություն ունի այս հարցը յուրաքանչյուր հնարավորության դեպքում բարձրացնելու առումով»,- նշում է ռազմական և քաղաքական ազդեցության կենտրոնի ավագ տնօրեն Բրեդլի Բոումանը:

Այս ամենի ֆոնին բաց է մնում հարցը՝ արդյոք Ռատքլիֆի այցը վկայում է այն մասին, որ սրվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը, արդյոք սա դիվանագիտակա՞ն քայլ է, թե՞ Վաշինգտոնը պարզապես օգտագործում է հետախուզական խողովակները՝ կոնկրետ գործարքի համար: