Ինչո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2025-ին կիսով չափ քիչ հարկ վճարել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անցած տարի վճարած հարկերը 2024-ի համեմատ գրեթե կիսով չափ նվազել են՝ 2024-ին բյուջե վճարած խոշոր կանխավճարի պատճառով։ Այդ կանխավճարը 19.5 միլիարդով ավել է եղել պարտավորությունների թվից ու չի հաշվարկվել 2025-ի հարկերի մեջ, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են կոմբինատից։

Անցած շաբաթ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Նախորդ տարիների թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այդ ցուցակում նահանջել էր երրորդ տեղ՝ գրեթե կիսով չափ կրճատելով վճարած հարկերը. եթե ընկերությունը 2024-ին պետբյուջե էր փոխանցել 102 միլիարդ դրամ, անցած տարի այս թիվը հասել էր 52.1 միլիարդի։

Կոմբինատը նաև պարզաբանել է, որ 2025-ի հարկային ցուցանիշների վրա բացասաբար ազդել է նաև արտադրության ժամանակավոր անկումը, որ կապված էր «ձեռնարկության ներսում աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրների հետ»։ Խոսքը անցած տարվա սկզբին հանքավայրում մի խումբ աշխատողների բարձրացրած գործադուլների մասին է՝ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով։

ԶՊՄԿ-ն սրան զուգահեռ հանքավայրի ընդլայնման հարց է բարձրացնում՝ տնտեսական ցուցանիշների երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար։ «Բացահանքի աշխատանքների խորանալուն զուգահեռ, նվազում է մետաղների միջին պարունակությունը հանքաքարում և ավելանում են մակաբացման աշխատանքների ծավալները, ինչը բնականաբար բերում է ինքնարժեքի աճի՝ դրանից բխող տնտեսական հետևանանքներով»,- բացատրել են ընկերությունից՝ առաջնահերթություն համարելով հանքաքարի վերամշակման ծավալը տարեկան մինչև 30 միլիոն տոննայի հասցնելու ծրագրի իրականացումը։

Պղնձամոլիբդենայինի ընդլայնման մասին խոսել էր նաև դրա բաժնետեր, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո. «Անհրաժեշտ է կառուցել երկրորդ բացհանքը կոմբինատի հարևանությամբ, արտադրական ծավալն ու արդյունահանումը մեծացնելու նպատակով»,- ասել էր նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Մկրտիչ Կարապետյան