Արդյոք ճի՞շտ են իշխանության մտավախությունները, թե նախկին ուժերն ու օլիգարխները, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակ ունեն ընտրություններից հետո միավորվել և կոալիցիոն կառավարություն կազմելով վերցնել իշխանությունը, ինչպես անցած տարի տեղի ունեցավ Գյումրիում։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը իշխանությանը հորդորում է Նոստրադամուսին կամ Վանգային բնորոշ գուշակություններով չզբաղվել և հանգիստ սպասել ընտրությունների արդյունքներին։
«Պլանը շատ պարզ է՝ երեք ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությունը», - կարծում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Նախ առաջին հերթին ես ուզում եմ հասկանալ՝ «Գյումրի 2» ձևակերպումը ինչո՞ւ է ցնցումների մեջ գցում իշխանության ներկայացուցիչներին, որքանով ես տեղյակ եմ, որևէ հակասահմանադրական, որևէ հակաօրինական գործընթացներ տեղի չեն ունեցել ընտրական և հետընտրական գործընթացներում: Ես ուզում եմ հասկանալ՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանություններն ինչո՞ւ են սարսափում ժողովրդավարական գործընթացներից, չէ՞ որ մենք խոսում ենք Սահմանադրությամբ արմագրված մեր իրավունքի իրացման մասին», - ասում է Տոնոյանը:
Հարցին, թե իսկապես Գագիկ Ծառուկյանը նպատակ ունի՞ «Գյումրի 2» անել՝ միավորվել Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ և իշխանություն վերցնել, Տոնոսյանը պատասխանեց. «Այս դեպքում իշխանությունները պարզապես առաջնորդվում են գետը դեռ չանցած հոպ ասելու գործելաոճով, այսինքն՝ մի համամարդկային վայնասյուն է բարձրացել մի գործընթացի մասին, որի հետ կապված որևէ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Սպասենք ընտրությունների արդյունքին, այն վստահության քվեն, որը ժողովուրդը կտա մեզ, այլ ուժերին, ըստ այդմ հնարավոր կլինի ասել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենալու»:
Հրապարակեն ամբողջ ցանկը, թե ում թույլ չեն տալու մասնակցել ընտրություններին. Ծառուկյանի խոսնակ
«Չպետք է թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին և տեղական բելառուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ծոծրակներդ կտեսնեք՝ Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի». իշխանությունը զգուշացնում է, ընդդիմությունը՝ հաղթանակ խոստանումԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը հորդորում է իշխող ՔՊ-ին միանգամից հրապարակել իրենց համար ոչ ցանկալի ուժերի և գործիչների ցանկը։ Իշխանությունը վերջին օրերին պարբերաբար զգուշացնում է՝ թույլ չի տալու նախկին իշխանություններին ու նաև օլիգարխներին ընտրություններից հետո միավորվել և իշխանություն վերցնել։
«Խորհուրդ եմ տալիս միանգամից հրապարակել ու հանրայնացնել ցանկը, թե ում են պատրաստվում չթողնել մասնակցել ընտրություններին», - նշում է Տոնոյանը:
ՔՊ առանցքային գործիչները ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ԲՀԿ առաջնորդին եթե որակում են «տեղացի օլիգարխ», այն էլ բելառուսամետ հակումներով, ապա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին՝ «ռուսաստանցի գործարար»։
Ծառուկյանի խոսնակն անթույլատրելի է համարում իշխող ուժի կողմից հնչեցվող այս որակումները՝ պնդելով՝ «Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ», երբեք պաշտոն չի զբաղեցրել և այս ընտրությունների ընթացքում էլ վարչապետի պաշտոնին չի հավակնում։
«Կարծում եմ, որ նվազագույն ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող մարդը, ով բառարան կարդալու հնարավորություն ունի, կարող է փաստել, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, որովհետև առաջին հերթին նա երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել»:
ՔՊ-ն հորդորում է ընտրություն կատարել խաղաղություն բերողի և այն վտանգողի միջև
Ի դեպ, նախկինների և օլիգարխների թեման ՔՊ առանցքային գործիչներից Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ է շարունակել, այս անգամ պնդելով, որ քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններում պարզ ընտրություն պետք է կատարեն՝ խաղաղության, այսինքն՝ ՔՊ-ի և նախկինների միջև, ովքեր վտանգելու են խաղաղությունը։
«Իսկ ո՞ր դեպքում խաղաղությունը կլինի մեծագույն ռիսկի տակ, եթե Հայաստանն անի այն, ինչ առաջարկում են անել Քոչարյանն ու երկու օլիգարխները։ Օրինակ՝ եթե Հայաստանը գնա այն տրամաբանությամբ, որ ինքը չի կարող սահմանափակվել իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 կմ քառակուսով, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ: Եթե, ինչպես առաջարկում են Քոչարյանն ու երկու օլիգարխները, Հայաստանը որոշի վերաբանակցել արդեն իսկ նախաստորագրված և համաձայնեցված տեքստով խաղաղության պայմանագիրը, որը լիովին բխում է մեր շահերից, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ», - շեշտում է Ռուբինյանը:
«Ո՞ւմ իշխանության օրոք է 5000 երիտասարդ զոհվել. իրենք են պատերազմը». Տոնոյան
Նախընտրական պայքարը խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ հակասության վրա կառուցող և ընդդիմությանը պատերազմ բերողի պիտակ կպցնող Փաշինյանի իշխանությանը Գագիկ Ծառուկյանի խոսնակը հիշեցնում է, թե ով է «իրական պատերազմ բերող ուժը». «Ո՞ւմ իշխանության օրոք է եղել 44-օրյա պատերազմը, ո՞ւմ իշխանության օրոք է կյանքից զրկվել 5 հազար երիտասարդ, Արցախը հանձնվել և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խարխլվել։ Եթե իրենք խոսում են այս մասին, ուրեմն իրենք են պատերազմը։ Մենք, համենայն դեպս, ամեն ինչ անելու ենք, և «Առաջարկ Հայաստանին» ծրագրում հստակ արտացոլված են լինելու այն դրույթները, որոնք Հայաստանի համար ապահովելու են երաշխավորված խաղաղություն»:
Կդառնա՞ արդարադատությունը մահակ
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքում երեկ իրավապահները զննումներ էին իրականացնում, դեռևս 2020 թվականին հարուցված մի գործով։ Ինչո՞ւ են իրավապահները վեց տարի առաջ հարուցված գործով հենց հիմա որոշել զննություն իրականացնել։ Քննչականը չի մանրամասնում, Ծառուկյանի թիմից ուզում են հավատալ, որ գործը նախընտրական հետապնդումներին չի հասնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զննություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողամասում. Ծառուկյանն այս գործով մեկ անգամ հարցաքննվել է որպես վկա«Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության համակարգը չի լինելու մահակ, գործիք՝ իշխանությունների վերարտադրման գործընթացը ապահովելու համար», - նշեց Տոնոյանը։
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որին արդեն միացել են Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանն» ու Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանքը»։ Ինչպես Ծառուկյանն էր ասել, նպատակ ունի «քաղաքական Նոյյան տապան» կառուցել՝ հավաքելով բոլոր հետաքրքիր գաղափարներն ու առաջարկները։ Խոսակցություններ կան, որ Ծառուկյանի «Նոյյան տապանին» կարող են էլի ուժեր միանալ, այդ թվում նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԲՀԿ-ն առայժմ փակագծեր չի բացում՝ նշելով, թե քննարկումները շարունակվում են։
Ծառուկյանը Հատիսի վրա նաև իրական Նոյյան տապան է կառուցում
Քաղաքական «Նոյյան տապան» կառուցող Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի հարևանությամբ Հատիսի վրա նաև իրական Նոյյան տապան է կառուցում՝ կենդանիներով, Նոյով ու նրա, կնոջ արձաններով։