Ինչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը»

«Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունը մի շարք խախտումներ է նկատել ընտրատեղամասերում:

Երևանի կենտրոնի ընտրական տեղամասերից մեկում (9/51) ընդհատվել է քվեարկությունը մոտ 40 րոպեով ու ըստ կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ եղել են մարդիկ, որ հեռացել են առանց քվեարկելու: Աշխատանքը տապալվել է տեխնիկական պատճառով:

«էլեկտրոնային գրանցման սարքերը, կտրոնները որոշ տեղերում խոտան են տալիս, որոշ տեղամասերում սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ցուցակային համարին ու դանդաղեցնում է պրոցեսը, որովհետև հանձնաժողովի անդամը պետք է հին ձևերով գտնի ընտրողը որտեղ է ցուցակում»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:

Այս պահի դրությամբ 1420 ընտրական տեղամասերում են եղել դիտորդները: Խախտումներ նկատվել են 387 տեղամասում:

«Դիտարկված տեղամասերի մոտ 5.5 տոկոսը ընթացակարգային, ոչ էական խախտումներ են, մոտ 4.5 տոկոսում խախտումները գաղտնիության հետ կապված են, 4 տոկսում վերահսկողության դրսևորումներ են, ընտրողների հոգեբանորեն վերահսկողության մասով»,- հայտնում են «Անկախ դիտորդ»-ից։

Ըստ այս կազմակերպության՝ խախտումների 20 տոկոսը տեղամասային հանձնաժողովների անդամներն են արել, ինչպես նաև վստահված անձինք:

«41 տոկոսը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26 տոկոս Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ»,- ասուլիսում ասել է Դանիել Իոաննիսյանը:

Իսկ ինչի հետևանքով են հերթերը, արդյո՞ք նկատել են, որ մարդկանց բերում են ընտրատեղամասեր: «Անկախ դիտորդ»-ը դեռ պետք է վերլուծի՝ կուտակումները ընտրողների ակտիվության հետևանքով է, թե՞ մարդկանց կազմակերպված ընտրատեղմասեր են բերել:

Նկատել են, որ ռուսաստանյան մի շարք աղբյուրներում կեղծ լուրեր են տարածվում, թե մահացած անձանց քվեարկություն կա, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, Հայաստանում վաղուց այդպիսի բան չկա:

«Շարունակում ենք հետևել Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներին ընտրակաշառքի ու այլ ընտրական հանցագործությունների դեպքերով: Սա այս ընտրությունների աննախադեպությունը ապահովող հիմնական գործոնն է: Մենք նախկինում չենք տեսել այսպիսի ինտենսիվ բացահայտումներ»,- ասել է Իոաննիսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ միջադեպեր են արձանագրվել ընտրատեղամասերում՝ ըստ «Ականատեսի»