Գյումրիի անկարգությունների գործով կալանավորվածների մեծ մասը ազատ է արձակվել

Գյումրիում զանգվածային անկարգությունների ու արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով կալանավորված ավելի քան չորս տասնյակ քաղաքացիներից այս պահին դեռ բանտում են շարունակում մնալ 4-ը, 7-ը տնային կալանքի տակ են: 47 մեղադրյալների շարքում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականները, նրա տեղակալ փեսան և քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնյաներ: Քրեական այս վարույթում նաև 2 անչափահաս կա:

Այս գործը հարուցվեց հոկտեմբերի 20-ին, երբ Գյումրիի քաղաքապետին ձերբակալեցին կաշառք վերցնելու մեղադրանքով: Այդ օրը Երևանից Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև իրավիճակը լարվել էր, արդյունքում 4 տասնյակից ավելի մարդ հայտնվեց ճաղերի հետևում:

Դատարաններն այժմ մեծամասամբ չեն երկարացնում երկամսյա կալանքի ժամկետները: Փաստաբան Արտուշ Հակոբյանի 5 վստահորդներն այլևս բանտում չեն: Ազատության մեջ է նաև 60-ամյա Ռաֆիկ Հակոբյանը, ով, ընտանիքի հավաստմամբ, Գյումրիի կենտրոնական հրապարակում պատահական էր հայտնվել, երբ դուրս էր եկել ծանր հաշմանդամություն ունեցող դստեր համար դեղ գնելու:

«Այս պահի դրությամբ դեռևս վարույթ իրականացնող մարմնից որևէ տեղեկություն չունենք մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ», - ասաց փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հաշմանդամ երեխային որբ են թողել». գյումրեցի կինը պահանջում է ազատ արձակել ամուսնուն

Հակոբյանը, ինչպես այս գործով մյուս մեղադրյալների մեծամասնությունը, փաստաբանների պնդմամբ, մեղադրյալի աթոռին են հայտնվել մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Փոխվել է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ ավագանու նախկին անդամ Գևորգ Ղուկասյանի խափանման միջոցը՝ հիմա նա տնային կալանքի տակ է:

Նախաքննական մարմինն է պարտավոր ապացուցել իր պաշտպանյալների մեղավորությունը, ասում է փաստաբան Հակոբյանը ու հիշեցնում՝ և՛ վճռաբեկ դատարանի, և՛ Եվրադատարանի որոշումներ կան, որոնցով արգելվում է մեկ ոստիկանի ցուցմունքով մարդուն զրկել ազատությունից:

«Ունենք երկու հակասական ցուցմունքներ՝ մեղադրյալի ցուցմունք, որ հերքում է ամբողջությամբ մեղադրանքը, և ոստիկանի ցուցմունք, ով ասում է, որ նման գործողություններ կատարվել են մեղադրյալների կողմից: Բացի այդ, առկա են նաև որոշակի տեսագրություններ, մասամբ իմ պաշտպանյալների մասով, որով հստակ փաստվում է, որ իմ պաշտպանյալները որևէ գործողություններ չեն կատարում: Առնվազն այսքանով, իմ գնահատմամբ, ոստիկանի ցուցմունքը արժանահավատ չէ և հերքվում է այլ ապացույցով», - նշեց նա:

Փաստաբան Հայկ Հարությունյանը ևս այլևս կալանավորված պաշտպանյալ չունի: Վերջինը երեկ է բանտից դուրս եկել: Հարցին, թե ո՞րն է դատարանների դիրքորոշման փոփոխության պատճառը, ասաց. «Առաջին կալանքների ժամանակ ընդամենը յուրաքանչյուր դեպքում մի ոստիկան ցուցմունք տվեց, և դրանով դատարանները գտան, որ հիմնավոր կասկածի համար բավարար է, և կարծես թե ժամանակ տվեցին վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի այլ ապացույցներ ձեռք բերեն: Երկու ամիս անց վարույթն իրականացնող մարմինը գրեթե նույնական ապացույցներով բերեց և ներկայացրեց, և բնականաբար, դատարաններն իրավացիորեն կամ մերժեցին, կամ ընդհանրապես փոխեցին այլ խափանման միջոցների: Մեծ մասի դեպքում մենք գտնում ենք, որ ընդհանրապես հանցագործություն չկա կատարված, և դա արդեն իսկ որոշ դատական ակտերում հաստատվեց, որ հիմնավոր կասկածի շեմը նույնիսկ չի հաստատվել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալություններ՝ Գյումրիի քաղաքապետարանում

Հայկ Հարությունյանը նշում է, որ հնարավոր է ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջ ներկայացնեն սուտ ցուցմունքի համար:

Իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի ձերբակալությունից հետո էլ հարուցվեց այս գործը, դեռ կշարունակի բանտում մնալ: Դատավորը վերջերս նրա կալանքը ևս երեք ամսով երկարացրեց: