Հայաստանի դատավորների միությունը զգուշացնում է՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող վեթինգն ու Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը անպաշտպան են դարձնում դատավորներին, դատական համակարգը կախվածության մեջ գցում քաղաքական իշխանությունից և վտանգում քաղաքացիների՝ արդար դատաքննության իրավունքը։ Միությունը ԲԴԽ-ին կոչ է անում պահանջել այդ դրույթները հանել շրջանառությունից:
«Դատավորների միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի՝ հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները և կանխելու նրանց կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները», - ասված է հայտարարությունում։
Նոր Սահմանադրության նախագծով դատական իշխանության վերաբերյալ արմատական փոփոխություններ են նախատեսվում։ Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում բոլոր պաշտոնավարող դատավորները կենթարկվեն մեկանգամյա վերագնահատման՝ վեթինգի։ Գործող դատավորները կստանան ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ և առաջիկա հինգ տարվա ընթացքում բարեվարքության, մասնագիտական կարողությունների և եկամուտների օրինականության ստուգում կանցնեն՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կարծիքով՝ այս մեխանիզմը մի շարք լուրջ ռիսկեր է պարունակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ նախագծի՝ իշխող ուժն է որոշելու դատավորների հետագա ճակատագիրը, ընդգծում է սահմանադրագետը«Գլոբալ խնդիրը դատավորների ու դատարանների անկախության մասին է, որն այլևս չի գործելու, որևէ նոր նշանակվող դատավոր որևէ երաշխիքներ չի ունենալու, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները նման քայլի չեն գնա: Այս նախագծով միանշանակ ոտնահարվում է դատավորների անկախության իրավունքը», - ասաց Ազարյանը:
Մինչդեռ, ըստ նախագծի հեղինակների, սահմանադրական այս կարգավորումները միտված են դատական իշխանության նկատմամբ վստահությունն ամրապնդելուն, դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորելուն։
Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չէ նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի համար։ Ավելի քան մեկ տասնամյակ դատական համակարգում աշխատած Հարությունյանը տրամագծորեն հակառակի մասին է ահազանգում՝ սպառնալիքի տակ է դատական համակարգի անկախությունը:
«Զտում, վեթինգ, վերագնահատում, կարգավիճակի վերահաստատում, դրանք ուղղակիորեն հակասում են դատավորների անկախության, նաև դրա անբաժանելի բաղադրատարր հանդիսացող անփոփոխելիության սկզբունքը: Եթե դա հակասում է էդ սկզբունքներին, այդտեղ անկախության մասին խոսք չի կարող լինել», - ասաց Հարությունյանը:
Վերագնահատման հանձնաժողովի 5 անդամներին առաջադրելու են նախագահը, ՄԻՊ-ը և Կառավարությունը, իսկ ընտրելու է ԱԺ-ն։ Նոր նախագծով խորհրդարանն ընտրելու է նաև ԲԴԽ բոլոր 10 անդամներին, մինչդեռ գործող Սահմանադրությամբ 5-ին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը։
Դատավորների միությունը զգուշացնում է՝ դատավորների կարգավիճակը ժամանակավոր դարձնելն ու համակարգի կառավարումն ամբողջությամբ խորհրդարանին տալը ճնշման մթնոլորտ է ստեղծում, հակասում է եվրոպական չափանիշներին: Ի դեպ, ՔՊ-ի առաջարկած կարգավորումներով՝ դատավորները կզրկվեն հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից։
Դատավորների միության հայտարարությունը ողջունել է առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ հայտարարությամբ շեշտում է. - «Հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև վերջապես նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»:
Գալյանը տարակուսած է՝ ինչո՞ւ են քննադատում իշխանությանը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում տարակուսած էր՝ ինչո՞ւ են քննադատում իշխանությանը, սա այն վեթինգն է, որի պահանջը դեռ 2018-ից կար։ Մինչդեռ Հայաստանում վեթինգի իրականացմանը Վենետիկի հանձնաժողովը 2019-2020 թվականներին դեմ է արտահայտվել՝ նշելով, որ դա ծայրահեղ միջոց է, իսկ Հայաստանի դեպքում նման անհրաժեշտություն չկա։ Համատարած վեթինգ, ըստ Եվրոպայի խորհրդի այս մարմնի, իրականացվում է այն երկրներում, որտեղ դատական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է։
Նախարար Գալյանը երեկվա հարցազրույցում հաստատեց՝ 2018-ից հետո դատավորների 60 տոկոսը փոխվել է։ Քննադատների կարծիքով՝ վարչապետի նպատակն է ազատվել նաև մյուս 40 տոկոսից։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում՝ դատական համակարգից կանխատեսելի որոշումներ է ակնկալում։
«Ես չգիտեմ, թե վաղը որ դատարանն ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակվի», - հայտարարել է վարչապետը:
Բարձրագույն դատական խորհրդից դեռ չեն շտապում արձագանքել դատավորների միության հորդորին և պահանջել առաջարկվող փոփոխությունները հանել շրջանառությունից: