«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի սկսած համախմբման գործընթացն ի՞նչ փուլում է։ Արդյոք Կարապետյանի հետ հանդիպե՞լ են «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Հայաստան» դաշինքի երկրորդ համարը՝ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիր ուժերի առաջնորդների հանդիպումների մասին շատ փակագծեր չբացեց. «Առնվազն կոնտակտ կա, առնվազն շփում կա։ Հիմա հանդիպել են դեմ առ դեմ, թե հեռախոսով, թե ոնց, դա կարծում եմ՝ շատ կարևոր չէ: Ընդդիմադիր քաղաքական միավորների միջև տարբեր ձևաչափերով բավականին ինտենսիվ քննարկումներ տեղի ունենում են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում էԳործարար Կարապետյանը ընտրություններից 10 օր անց հայտարարեց ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Երեկ էլ Սահմանադրական դատարանի մոտ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասաց՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են, առաջիկայում հանդիպում է սպասվում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» ու ԲՀԿ բանակցություններից բացի այլ ուժերի հետ էլ քննարկումներ կան. «Հակառակ պարագայում, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսի հանդիպակաց հայտարարությունը չէր ծնվի»։
Ըստ Սուրենյանցի՝ առաջին դեմքերի մակարդակով առայժմ հանդիպում չի եղել։ Ծառուկյանի թիմակցի կարծիքով՝ թե՛ առաջին դեմքերի հանդիպումների, թե՛ քննարկումների արդյունքների մասին հրապարակային հայտարարություններ կլինեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։
Անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ, օրինակ՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ի ու Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր»-ի հետ քննարկումներ կա՞ն։ Թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ Նարեկ Կարապետյանն այս փուլում անուններ չեն նշում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդն ասաց՝ հանդիպման ու քննարկման առաջարկ չի ստացել։
«Պետք է նոր օրակարգ քննարկվի, հասկանալ, թե այդ օրակարգը որն է։ Երբ որ այդ օրակարգը առաջ կբերեն, կոնկրետ հարց կբարձրացվի, կոնկրետ քննարկում կլինի, մենք մեր դիրքորոշումը կասենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Թե հետընտրական փուլում ինչքանով հաջողություն կլինի, ըստ Մարուքյանի, կախված է համախմբված ընդդիմության օրակարգից ու իշխանափոխության նրանց պատկերացրած քայլերից։