Հյուսիսային Կորեան ծրագրում է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) ծրագրում է 30-50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան։

«Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու», - ասել է նախագահ Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «ժամանակակից պատերազմի փորձ ձեռք կբերի» և Ռուսաստանից արտոնագրեր կստանա։

«Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը, և եթե այլ ուղղության մասին խոսենք՝ Խաղաղ օվկիանոսում հնարավոր ճգնաժամերի ու էսկալացիաների մասին, ինչը կարող է սպառնալիք լինել ասիական տարածաշրջանի այլ պետությունների համար, ապա, բնականաբար, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հովանու ներքո ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք կբերի․․․ Հետևաբար, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք․․․», - ընդգծել է Զելենսկին՝ չբավականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչուների մատակարարումն առանձնացնելով որպես Կիևին Հարավային Կորեայի աջակցության հնարավոր տարբերակներ. «Մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի գործարքի և այլնի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան համագործակցությունն ամրապնդելու որևէ ծրագրի մասին առայժմ չեն հայտարարել։

Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում ընդունել Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի, ինչին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել․ «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեկնաբանել դա։ Մեր ծրագրերի մասին խոսելը Զելենսկու գործը չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստվում է Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի ընդունել

Ուկրաինական իշխանությունների փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ ռուսական զինուժը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել՝ հարվածելով Կրիվոյ Ռոգի շրջակայքում գտնվող Ռադուշնե բնակավայրին։

Օգոստոսի 5-ին Reuters-ը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Չերնյակին, հայտնել էր, որ հյուսիսկորեական հրթիռային ստորաբաժանումը սկսել է տեղակայվել Ռուսաստանի արևմուտքում և կարող է համալրվել 120 բալիստիկ հրթիռով և արձակման վեց կայանքով։

Փհենյանն ու Մոսկվան ամրապնդել են իրենց կապերը 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Երկու երկրները ռազմական փոխօգնության պայմանագիր են ստորագրել 2024 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Փհենյան։

Ուկրաինայի հարցում ՌԴ-ին աջակցելու համար ԿԺԴՀ-ն հրթիռներ, զինամթերք և հազարավոր զինվորականներ է տրամադրել: Վերլուծաբանների կարծիքով՝ դրա դիմաց Մոսկվան մեկուսացված այդ երկրին աջակցություն է ցույց տալիս ֆինանսական միջոցներով, ռազմական տեխնոլոգիաներով, սննդով և էներգակիրներով։

Ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացավ օգնել Ռուսաստանին հաղթել իր «սրբազան» պատերազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի աջակցությունը պատերազմումՀյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է ՄոսկվաԶելենսկին այցելել է Ռուսաստանի դաշնակից ՍերբիաԶելենսկին հայտնել է, որ Կիևի մոտակայքում ռուսական հարվածներից զոհվել են 3-ամյա տղան և տատիկ-պապիկըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին