Մատչելիության հղումներ

Պուտինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի աջակցությունը պատերազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն Հուիին, շնորհակալություն հայտնել Հյուսիսային Կորեային՝ Մոսկվայի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Կցանկանայի ևս մեկ անգամ իմ երախտագիտությունը հայտնել այն աջակցության համար, որը դուք ցուցաբերում եք մեր իրականացրած հատուկ ռազմական գործողությանը», - Կրեմլի հրապարակած տեսանյութի համաձայն՝ ասել է Պուտինը։

«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները», և նրանք «կարժանանան նույն պատվին, ինչ մեր հայրենակիցները», - հավելել է Պուտինը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի այցը արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով է։

Փհենյանն ու Մոսկվան ամրապնդել են իրենց կապերը 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:

Երկու երկրները ռազմական փոխօգնության պայմանագիր են ստորագրել 2024 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Փհենյան։

Հյուսիսային Կորեան Ռուսաստանին Ուկրաինայի հարցում աջակցելու համար ուղարկել է հրթիռներ, զինամթերք և հազարավոր զինվորականներ: Վերլուծաբանների կարծիքով՝ դրա դիմաց Մոսկվան մեկուսացված այդ երկրին աջակցություն է տրամադրում ֆինանսական միջոցներով, ռազմական տեխնոլոգիաներով, սննդով և էներգակիրներով։

Ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացավ օգնել Ռուսաստանին հաղթել իր «սրբազան» պատերազմում։


XS
SM
MD
LG