Հյուսիսային Կորեան պատրաստվում է նոր զորքեր ուղարկել Ռուսաստան, սակայն առայժմ պարզ չէ՝ երբ․Հարավային Կորեայի ՊՆ

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան շարունակում է Ռուսաստան նոր զորքեր ուղարկելու նախապատրաստական աշխատանքները, սակայն առայժմ որևէ նշան չկա, որ դա շուտով տեղի կունենա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են Հարավային Կորեայի խորհրդարանի անդամի գրասենյակից։

Անցյալ շաբաթ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Քիմ Յո Ջոնգը հերքել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պնդումները, թե Փհենյանը պատրաստվում է մինչև 50 հազար լրացուցիչ զինծառայող հատկացնել դաշնակից Ռուսաստանի կողմից կռվելու համար։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Հյուսիսային Կորեան շարունակել է Ռուսաստանին զինտեխնիկա մատակարարել, այդ թվում՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:

Պաշտպանական գերատեսչության տվյալով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ավելի քան 15 միլիոն միավոր հրետանային զինամթերք է մատակարարել։

Փհենյանն ու Մոսկվան ամրապնդել են իրենց կապերը 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Երկու երկրները ռազմական փոխօգնության պայմանագիր են ստորագրել 2024 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Փհենյան։

Ուկրաինայի հարցում ՌԴ-ին աջակցելու համար ԿԺԴՀ-ն հրթիռներ, զինամթերք և հազարավոր զինվորականներ է տրամադրել: Վերլուծաբանների կարծիքով՝ դրա դիմաց Մոսկվան մեկուսացված այդ երկրին աջակցություն է ցույց տալիս ֆինանսական միջոցներով, ռազմական տեխնոլոգիաներով, սննդով և էներգակիրներով։

Ապրիլին Կիմ Չեն Ընը խոստացավ օգնել Ռուսաստանին հաղթել իր «սրբազան» պատերազմում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի աջակցությունը պատերազմում