Հրամանի նպատակն այն է, որ Մայր Աթոռի նշանակած հոգևորականները չլինեն ԶՈՒ-ում, վստահ է արդեն նախկին գնդերեցը

Գնդերեցները Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Այն գնդերեցները, որ կմիանան իշխանության սկսած եկեղեցու բարենորոգման օրակարգին, մայորի կոչում կստանան և բարձր աշխատավարձ, Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյաննն է այսպիսի տեղեկություն ստացել:

«Առաջարկում է պաշտոններ Պաշտպանության նախարարությունում, ինձ հասած տեղեկության համաձայն՝ մայորի հաստիքով, 700 հազար աշխատավարձի խոստումով», - պնդում է Տեր Զարեհը:

Քահանան եզրահանգում է՝ պաշտպանական ծախսերի համար նախատեսված փողով հովանավորում են եկեղեցուն հալածելու օրակարգը:

Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվեց եկեղեցու կողմից Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների գործունեությունը: Նույն հրամանից հասկանում ենք՝ բանակում հոգևոր ծառայողներ կարող են լինել, բայց՝ Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ: Ի դեպ, պարտադիր պայման է, որ Հայ Առաքելական եկեղեցում հոգևոր կրթություն ստացած լինեն:

«Կապիտանի կոչումը կարծեմ գնդերեցին էր վերաբերում, մայորի կոչումը՝ ավագ գնդերեցներին, ովքեր ի պաշտոնե անմիջականորեն ենթակա են դառնում զորամասի հրամանատարին և բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնող հրամանատարի տեղակալին: Սա ենթադրում է, որ այլևս այդ գնդերեցները, ովքեր որ կկոչվեն ծառայության, մենք ունենք գնդերեցներ, որոնք ժամկետային ծառայության մեջ են, իրենք այլևս կապը խզելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ», - ասում է արդեն նախկին գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:

Տեր Պսակն ասում է՝ հրամանի նպատակն այն է, որ Մայր Աթոռի նշանակած հոգևորականները չլինեն Զինված ուժերում, հստակ տեղեկություն չուներ՝ արդյո՞ք գումար են առաջարկում նոր հոգևորականների ներգրավելու համար, բայց, ասաց, ատեստավորված մայորը 700 հազար կարող է ստանալ:

Նախարար Պապիկյանի հրամանին նախորդել էին ահազանգեր, որ գնդերեցներին կորպուսի հրամանատարները, զինվորականները հորդորում են միանալ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին:

«Մեր գնդերեցները միակամ են, միասիրտ են, իրենք իրենց հավատարմությունը ապացուցեցին, որ մեր կառույցը, որ շուրջ երեք տասնամյակ արդեն հեսա կլինի, որ գործում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում, կուռ կառույց է, միակամ է, իր ուխտին հավատարիմ», - վստահեցնում է Տեր Պսակը:

Բայց պարզվում է՝ այդքան էլ միասիրտ չէին գնդերեցները, ծառայության լուծարումից հետո, Մայր Աթոռի կողմից բանակում նշանակված 34 հոգևորականներից 4-ը Էջմիածին չեն վերադարձել: Նրանցից Գորիսի զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագը ծիծաղեց, երբ «Ազատություն»-ը հարցրեց 700 հազար դրամ աշխատավարձի մասին. - «Նման բան չկա, և պիտի խնդրեմ մնացած հարցերով իրենց դիմեք»:

Այլ հարցերի Գևորգ սարկավագը հրաժարվեց պատասխանել: Եթե բանակի գնդերեցները բոլորով համաձայնեին միանալ Փաշինյանին ու համախոհ եպիսկոպոսներին, արդյո՞ք Պաշտպանության նախարարը կորոշեր Մայր Աթոռի հոգևորականներին բանակից հանել ու հետ՝ Էջմիածին ուղարկել: Այժմ ի՞նչ մեխանիզմով են որոշ հոգևորականներ դեռ մնացել Զինված ուժերում, ի՞նչ պայմաններով. Պաշտպանական գերատեսչությունից գրավոր հարցում խնդրեցին, պատասխան առայժմ չկա:

Մեկ ամիս առաջ պաշտպանության նախարար պնդել էր՝ բանակը քաղաքական գործընթացների հետ հետ գործ չունի:

«Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ», - հայտարարել էր Սուրեն Պապիկյանը:

Տեր Պսակ քահանան կասկած չունի՝ եթե գնդերեցները տրվեին ճնշումներին ու միանային իշխանական օրակարգին, բոլորը կմնային տեղերում: Նրանք այժմ Էջմիածնում են, սպասում են նոր նշանակումների, մինչև այդ բոլորին ընդունել է Կաթողիկոսը:

«Ափսոսանք, ցավ հայտնեց Վեհափառը, որ էդպիսի որոշում է կայացվել, և վստահաբար նաև հորդորեց մնալ և աղոթողը լինել մեր բանակի, մեր զինվորի համար՝ անկախ, թե որտեղ մեր ծառայությունը կիրականացնենք: Նաև իր գնահատականն ու շնորհակալությունը հայտնեց, որ տղաները, մենք հավատարիմ ենք մնացել մեր ուխտին՝ ոչ թե ինչ-որ անձի հետ կապված, այլ եկեղեցու տված ուխտին, եկեղեցու կանոնականությանը, եկեղեցու նվիրապետությանը, էսպես, իր օրհնությունը բաշխեց մեզ», - պատմեց Տեր Պսակը:

Այսօր Զինված ուժերում մնացել են 12 սարկավագ-քահանաներ, 8-ը ժամկետայիններ են, 4-ը՝ Մայր Աթոռի կողմից նշանակված, բայց վերջին շրջանում բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական ճնշումների մասին ահազանգում են միջազգային կազմակերպություններըԴադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունըԲանակային կորպուսներում գնդերեցներին փորձում են ներքաշել «եկեղեցու բարենորոգման շարժման մեջ». պնդում են հոգևորականները