Հութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համար

Եմենում խոցված սաուդական անօդաչու, 10-ը սեպտեմբերի, 2026 թ.

Եմենի հութիները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի՝ Եմենի տարածքում գտնվող ողջ ափամերձ գիծը և գրավել են Պերիմ կղզին, որն անմիջապես Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ է, հայտնում է Al Jazeera-ն:

Երեկվանից մեկնարկած հարձակման արդյունքում Իրանի աջակցությունը վայելող հութիներն առանց դիմադրության գրավել են մի քանի քաղաքներ, որտեղից ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերը նախապես էին հեռացել: Գրավված քաղաքների թվում է նաև Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը:

Սաուդյան Արաբիայի արտահանումները՝ վտանգի տակ

Սա հութիների մինչ օրս գրանցած ամենանշանակալի առաջընթացն է Բաբ էլ-Մանդեբ նեղուցը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ: Այն համաշխարհային ծովային առևտրի ամենակարևոր երթուղիներից է և օգտագործվում է Պարսից ծոցի երկրներից Եվրոպա և Ասիա նավթի և նավթամթերքի փոխադրման համար։ Եթե հութիներին հաջողվի վերահսկողության տակ վերցնել նեղուցը, ապա այստեղով օրական միլիոնավոր բարել նավթ տեղափոխող Սաուդյան Արաբիան կարող է զրկվել դեպի Ասիա արտահանման հնարավորությունից:

Այս երթուղու կարևորությունն է՛լ ավելի է մեծացել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին: Ու եթե հութիները վերահսկողություն հաստատեն Բաբ էլ-Մանդեբում, դա կարող է նաև Իրանին ազդեցության նոր լծակ տալ ԱՄՆ-ի հետ պատերազմում՝ կրճատելով տարածաշրջանի երկրորդ խոշոր միջանցքով նավթի և այլ ապրանքների մատակարարումները:

Հարվածներ՝ Սաուդյան Արաբիային

Հութիները մինչ այդ էլ հարձակվել էին Սաուդյան Արաբիայի չորս քաղաքներում գտնվող էներգետիկ օբյեկտների և քաղաքների վրա, ինչի հետևանքով ավելի քան 70 մարդ էր վիրավորվել:

Մի շարք երկրներ են դատապարտել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումը, այդ թվում՝ Պակիստանը: Արտգործնախարարության խոսնակը նաև աջակցություն է հայտնել Էր-Ռիյադին:

«Պակիստանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը և բարգավաճմանը … Պակիստանը կշարունակի աջակցել տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին», - ասել է Սաջադ Հայդեր Խանը:

«Իրանը չի վերահսկում հութիներին»

Նոր էսկալացիայի ֆոնին Պակիստանն Իրանին է փոխանցել Սաուդյան Արաբիայի պահանջը՝ ազդել հութիների վրա, որպեսզի դադարեցնեն թագավորության վրա հարձակումները: Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ստացել են այդ ուղերձը, սակայն նշել է, թե «Իրանը չի վերահսկում հութիներին»: Չնայած Թեհրանի այս պնդմանը՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ողջունել է Եմենի «հերոսական ժողովրդի հաղթանակները»:

Եմենի հութիներն ԱՄՆ-Իրան պատերազմում Թեհրանի կողմից ներգրավվեցին մարտի 28-ին՝ հարձակվելով Իսրայելի վրա, բայց հիմնականում հանդարտ էին, նախքան հուլիսին կհայտարարեին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, իսկ սեպտեմբերին արդեն սկսեցին հարձակումները:

Ովքե՞ր են հութիները

Հութիները՝ պաշտոնապես հայտնի որպես «Անսար Ալլահ», զայդիական վերածննդի և շիա իսլամիստական քաղաքական և ռազմական կազմակերպություն է, որն ի հայտ է եկել Եմենում 1990-ականներին: Այն հիմնականում կազմված է զայդիներից, որոնց անվանակից ղեկավարությունը հիմնականում սերում է ալ-Հութի ընտանիքից: Հութիները վայելում են Իրանի աջակցությունը և Իրանի գլխավորած «դիմադրության առանցքի» մաս են:

Հութիները 2014-ից հակամարտության մեջ են Եմենի կառավարության հետ: ՄԱԿ-ի միջնորդությամբ 2022-ին կնքված հրադադարը զգալիորեն նվազեցրեց ռազմական գործողությունների ինտենսիվությունը, սակայն քաղաքական կարգավորման այդպես էլ չհաջողվեց հասնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հութիները վերահսկողության տակ են առել Եմենի՝ Կարմիր ծովի ողջ ափամերձ հատվածըՀութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներՀութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա, մոտ 70 մարդ է տուժելԵմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայում օդանավակայանի են հարվածել Հութիները պնդում են, որ սաուդյան ռազմանավ են խոցել