Հասարակական մի շարք կամակերպություններ դատապարտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք», - ասված է հայտարարությունում։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցը վեճի էր վերածվել, որի ընթացքում վարչապետը կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»: Երեկվա կոշտ զրույցից ու սուր քննադատության արժանանալուց հետո վարչապետը ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից ու նրան հրավիրեց կառավարություն՝ անձամբ ներողությունը փոխանցելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանված կնոջը «փախած» անվանած վարչապետը ներողություն է խնդրումՀԿ-ները առանձնահատուկ մտահոգիչ են համարել, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ. «Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին»։
«Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը», - ասված է հայտարարություն։
Նրանք նշել են նաև, որ «Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն»։
ՀԿ-ն ընդգծել են, որ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ «հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման»։
Նրանք Հայաստանի իշխանություններից և Փաշինյանից պահանջել են ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից. «Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց, հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա: Երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը»։